Պատմության մեջ ՄԱԿ-ի կլիմայի հարցերով ամենաերկարատև համաժողովն ավարտվել է առանց ամփոփիչ հռչակագրի ընդունման․ երկրների մի քանի խմբեր, մասնավորապես, Եվրամիությունը, մերժել են կազմակերպիչների առաջարկած փաստաթուղթը, հաղորդում է dpa-ն։
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող բանակցությունները փակուղի են մտել հանածո վառելիքից հրաժարվելու, կլիմայական միջոցառումների ֆինանսավորման և էլեկտրիֆիկացման արագացման շուրջ տարաձայնությունների պատճառով։
COP31 համաժողովին մասնակցել են մոտ 200 երկրների ներկայացուցիչներ։ Բանակցությունները պետք է ավարտվեին ուրբաթ օրը, սակայն շարունակվել են մինչև կիրակի։ Արդյունքում գագաթնաժողովը տևողությամբ գերազանցել է 2019 թվականին Մադրիդում անցկացված COP25-ը։
Հիմնական վիճահարույց հարցերից մեկը հռչակագրի նախագծում հանածո վառելիքից աստիճանաբար հրաժարվելու հստակ ծրագրի բացակայությունն էր։ Նման որոշմանը դեմ են, մասնավորապես, նավթ արդյունահանող պետությունները, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան։
«Անպատկերացնելի է ընդունել կլիմայական փաստաթուղթ, որում ոչ մի խոսք չկա հանածո վառելիքի և դրա օգտագործումից հրաժարվելու մասին», — հայտարարել է Իռլանդիայի կլիմայի հարցերով նախարար Դարագ Օ’Բրայենը, որի երկիրը նախագահում է ԵՄ խորհրդում։ Նա ընդգծել է, որ Եվրամիությունը կտրականապես դեմ է առաջարկված տեքստին։
Գերմանիայի շրջակա միջավայրի նախարար Կարստեն Շնայդերը նույնպես հրաժարվել է աջակցել հռչակագրին՝ հայտարարելով, որ այն համարժեք պատասխան չի տալիս կլիմայական ճգնաժամին և նույնիսկ հետընթաց է առաջացնում միջազգային ջանքերում։ Ըստ նրա, նավթ և գազ արդյունահանող որոշ երկրներ շարունակում են հսկայական շահույթ ստանալ և պատրաստ չեն կրճատել արդյունահանումը կամ համաձայնեցնել արտանետումների նվազեցման հստակ ծրագրեր։
Մարշալյան կղզիների ներկայացուցիչը, որի երկրին սպառնում է ծովի մակարդակի բարձրացումը, հռչակագրի նախագիծն անվանել է կլիմայական ճգնաժամին տրվող հնարավոր վատագույն պատասխանը։ Սաուդյան Արաբիան, իր հերթին, հանդես է եկել ածխաթթու գազի որսման և պահպանման տեխնոլոգիաների զարգացման օգտին։ Կլիմայի հարցերով եվրահանձնակատար Վոպկե Հուքստրան քննադատել է այս դիրքորոշումը՝ հայտարարելով, որ նման տեխնոլոգիաները չի կարելի համարել խնդրի համընդհանուր լուծում և օգտագործել որպես հանածո վառելիքի այրումը շարունակելու արդարացում։
Դիտորդների գնահատմամբ, սա առաջին դեպքն է, երբ ՄԱԿ-ի կլիմայի հարցերով համաժողովի ամփոփիչ փաստաթուղթը չի հաջողվել ընդունել լիագումար նիստում։ Միաժամանակ բնապահպանական որոշ կազմակերպություններ կարծում են, որ հռչակագրի շուրջ հակամարտությունը ցույց է տվել երկրների մեծամասնության՝ հանածո վառելիքից հրաժարումն արգելափակող պետություններին զիջելու ցանկության բացակայությունը։
Չնայած բանակցությունների ձախողմանը՝ առանձին նախաձեռնություններ աջակցություն են ստացել։ Մոտ 30 երկրներ ներկայացրել կամ հայտարարել են հանածո վառելիքից հրաժարվելու ծրագրեր։ Եվս 13 պետություններ և ԵՄ-ն պայմանավորվել են աշխատել էլեկտրական ցանցերում կիրառվող հզոր ջերմոցային գազի՝ ծծմբի հեքսաֆտորիդի օգտագործման կրճատման ուղղությամբ։
Բացի այդ, տասնյակ երկրներ աջակցել են էլեկտրիֆիկացումն արագացնելու և համաշխարհային վերջնական էներգասպառման մեջ էլեկտրաէներգիայի բաժինը մինչև 2035 թվականը մոտ 23%-ից 35%-ի հասցնելու՝ Թուրքիայի առաջարկին։





























