Լիբանանի բանակը կիրակի հայտարարել է Սիրիայից ավելի քան 260 կգ պայթուցիկ նյութի մաքսանենգության մեջ կասկածվող երեք անձի ձերբակալության մասին, հայտնում է AFP-ն։
Անցյալ ամիս Լիբանանի իշխանությունները առգրավել էին պայթուցիկ նյութի մեկ այլ խմբաքանակ, որը պատկանում էր «Հեզբոլլահ» շարժմանը։
«Հյուսիսային և արևելյան սահմանների երկայնքով դիտարկման և վերահսկողության գործողությունների արդյունքում բանակի ստորաբաժանումն առգրավել է շուրջ 264 կգ պայթուցիկ նյութ, որն ապօրինի ներմուծվել էր Սիրիայի տարածքից», — ասվում է զինվորականների հայտարարության մեջ։
Բանակը հայտնել է երեք կասկածյալի ձերբակալության և հետաքննություն սկսելու մասին։
Լիբանանի անվտանգության ուժերում առկա աղբյուրը AFP-ին հայտնել է, որ պայթուցիկ նյութը Սիրիայից երկիր է մտել դժվարանցանելի տեղանքով և ապօրինի սահմանային անցակետով։
Ըստ նրա, երեք ձերբակալվածները քաղաքացիական անձինք են, որոնք զբաղվում են մաքսանենգությամբ և որևէ քաղաքական կուսակցության կամ կազմակերպության հետ կապ չունեն։
Բանակի հայտարարության մեջ «Հեզբոլլահը» չի հիշատակվել։ Սակայն շարժումը բախվում է Լիբանանի իշխանությունների աճող ճնշմանը։
Չորեքշաբթի դատական աղբյուրը AFP-ին հայտնել է, որ «Հեզբոլլահի» հինգ անդամի մեղադրանք է առաջադրվել այլ անձանց հավաքագրելու և զինելու համար։ Նրանց ձերբակալել էին նոյեմբերի սկզբին Լիբանանի հյուսիսում՝ հիմնականում քրիստոնյաներով բնակեցված մի շրջանում, որը հեռու է շարժման հիմնական հենակետային շրջաններից։
Ձերբակալվածներին մեղադրել են «զինված խումբ ստեղծելու, անդամներ հավաքագրելու, նրանց հանդերձավորելու և զենքով ապահովելու մեջ», հայտնել է աղբյուրը։
Ուրբաթ Լիբանանի խորհրդարանի՝ «Հեզբոլլահը» ներկայացնող պատգամավոր Հուսեյն ալ-Հաջ Հասանը քննադատել է իշխանությունների որոշումը՝ հայտարարելով, որ ձերբակալվածները կալանավորվել են կամայականորեն։
«Այս անընդունելի և դատապարտելի քրեական հետապնդումը վտանգավոր ուղի է», — հայտարարել է նա՝ հավելելով, որ տեղի ունեցողը լուրջ հարցեր է առաջացնում նման գործողությունների շարժառիթների և նպատակների վերաբերյալ։
Անցյալ շաբաթ «Հեզբոլլահի»՝ լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատու Յուսեֆ ազ-Զեյնը հայտարարել է, որ հինգ ձերբակալվածներից միայն մեկն էր խմբավորման անդամ, և ձերբակալման պահին նա չէր կատարում դրա գործունեության հետ կապված որևէ հանձնարարություն։
Անցյալ ամիս Լիբանանի դատարանը 13 անձի մեղադրանք էր առաջադրել «Հեզբոլլահին» պայթուցիկ նյութ մատակարարելուն ենթադրյալ առնչության համար։ Այն ժամանակ իշխանություններն առգրավել էին շուրջ կես տոննա կշռող բեռ։
Շարժումը հայտարարել էր, որ մեքենան և դրանում եղած բեռը «պատկանում են Իսրայելի դեմ դիմադրությանը», և պահանջել էր վերադարձնել առգրավվածը։





























