ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցային թիմի՝ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի օրինակով Ուկրաինային հավաքական պաշտպանության երաշխիքներ տրամադրելու առաջարկը զգուշավոր լավատեսություն է առաջացրել Կիևի որոշ եվրոպացի դաշնակիցների շրջանում, գրում է Politico-ն։
Նրանք հույս ունեն, որ դա վկայում է Ուկրաինայի համար ավելի շահավետ դիրքորոշում որդեգրելու Վաշինգտոնի պատրաստակամության մասին, սակայն մտավախություն ունեն, որ ամերիկյան երաշխիքների գինը չափազանց բարձր կլինի։
Անցյալ շաբաթ Բեռլինում ԱՄՆ հատուկ բանագնաց և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները հայտարարել է, որ նախագահը պատրաստ է «խոշոր գործարք» կնքել,և Ռուսաստանը, ըստ նրա, նույնպես պատրաստ է դիտարկել նման տարբերակ։ Ընդ որում, Մոսկվան պաշտոնապես չի հաստատել իր համաձայնությունն առաջարկին, իսկ Ռուսաստանի ներկայացուցիչներից մեկն արդեն դեմ է արտահայտվել այդ գաղափարին։ Ինքը՝ Վլադիմիր Պուտինը, առայժմ հրապարակավ չի մերժել այն։
Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի օրինակով երաշխիքները, որոնց համաձայն՝ մեկ դաշնակցի վրա հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլորի վրա, կարող էին պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի համար լուրջ զսպող գործոն դառնալ։ Սակայն նման պարտավորությունների արդյունավետությունը կախված կլինի դրանց իրավական ձևակերպումից և նոր հարձակման դեպքում երկրների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի իրական միջամտության պատրաստակամությունից։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շրջապատում ամերիկյան առաջարկն անվանել են ճիշտ ուղղությամբ քայլ, սակայն կոչ են արել ավելի առաջ գնալ և Ուկրաինային տրամադրել ՆԱՏՕ-ին լիիրավ անդամակցություն։ Ֆրանսիացի ներկայացուցչի կարծիքով, 5-րդ հոդվածին համարժեք երաշխիքները չպետք է վերածվեն դաշինքին անդամակցելու բարդացված այլընտրանքի։
Որոշ եվրոպացի դիվանագետներ նախաձեռնությունը լուրջ են համարում. նրանց վկայությամբ, ամերիկացի պաշտոնյաներն արդեն մի քանի ամիս է՝ գործընկերների հետ քննարկում էին նման տարբերակներ։ Եվրոպայում նաև նշում են անվտանգության երաշխիքների համաձայնեցման հարցում առաջընթացն ու Վաշինգտոնի հետ ավելի սերտ փոխգործակցությունը։ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների հաջորդ փուլը կարող է կայանալ Աբու Դաբիում՝ ԱՄՆ-ում նոյեմբերի 26-ին նշվող Գոհաբանության օրվանից հետո։ Հնարավոր թեմաների թվում են էներգետիկ ոլորտում և Սև ծովում տեղային հրադադարները։
Միաժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ առայժմ չի հասկանում, թե գործնականում ինչ է նշանակելու նման երաշխիքը։ Նա հետաքրքրվել է՝ արդյոք այն ենթադրում է ամերիկացի զինծառայողների ներկայություն Ուկրաինայի տարածքում, և նշել, որ Կիևը շահագրգռված կլիներ ամերիկյան ռազմակայանների տեղակայմամբ։
Նախաձեռնության նկատմամբ հատկապես թերահավատ են Լեհաստանը, ինչպես նաև Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրները։ Նրանք մտավախություն ունեն, որ անվտանգության երաշխիքները կարող են Մոսկվայի հետ ավելի լայն գործարքի մաս դառնալ։ Politico-ի տվյալներով, ամերիկյան կողմն ավելի վաղ հետաքրքրվել էր՝ արդյոք Ուկրաինան կհամաձայնի ամբողջ Դոնբասը փոխանցել Ռուսաստանին՝ ՆԱՏՕ-ին լիիրավ անդամակցության դիմաց։ Դա կնշանակեր զիջել տարածք, որը ռուսաստանյան զորքերը չեն կարողացել գրավել ռազմական ճանապարհով։
Մեկ այլ վիճահարույց հարց է եվրոպական անվտանգության ողջ համակարգի վերանայումը՝ ներառյալ Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները։ Քուշները կարծում է, որ պատերազմից առաջ գոյություն ունեցող համակարգը կայունություն չի ապահովել։ ԵՄ որոշ ներկայացուցիչներ պատրաստ են Ուկրաինայի շուրջ բանակցություններին զուգահեռ Մոսկվայի հետ քննարկել եվրոպական անվտանգությունը։ Մյուսները մտավախություն ունեն, որ նման մոտեցումը փաստացի Ռուսաստանին իրավունք կտա ազդելու դաշինքի որոշումների վրա և կսահմանափակի նրա ռազմական ներկայությունն Արևելյան Եվրոպայում։
Լոնդոնյան Chatham House վերլուծական կենտրոնի փորձագետ Գրեգուար Ռոոսը նախազգուշացրել է, որ հավաքական պաշտպանության երաշխիքները կարող են «տրոյական ձի» դառնալ Մոսկվայի հետ ավելի լայնածավալ գործարքի շրջանակում, որը կնախատեսի Դոնբասի հարցում զիջումներ և ՆԱՏՕ-ի համար սահմանափակումներ։
Հնարավոր համաձայնագրի ժամկետները նույնպես մտահոգություններ են առաջացնում։ Եվրոպացի ներկայացուցիչների հաղորդմամբ, Թրամփը կցանկանար գործարքը կնքել առաջիկա շաբաթներին, իսկ Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան կողմը ձգտում է բանակցություններն ավարտել մինչև Սուրբ Ծնունդ։ Ընդ որում, Բեռլինի հանդիպման մասնակիցները, ինչպես նշում է Politico-ն, գոհ էին, որ Վաշինգտոնը Կիևի վրա չափազանց մեծ ճնշում չի գործադրել՝ համաձայնագրի կնքումն արագացնելու նպատակով։
Լրացուցիչ անորոշություն է ստեղծում Թրամփի մերձեցումը Պուտինի հետ։ Չինաստանի Շենչժեն քաղաքում կայացած գագաթնաժողովում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, այդ թվում՝ միջուկային սպառազինությունների հարցերի շուրջ, և հանդես են եկել ՄԱԿ-ի բարեփոխման օգտին։ Վաշինգտոն վերադառնալուց հետո Թրամփը կրկին Պուտինին անվանել է իր ընկերը և հայտարարել, որ Ռուսաստանի առաջնորդը ցանկանում է ավարտել պատերազմը։
Բանակցությունների եվրոպացի կողմնակիցներն ընդունում են, որ վերջնական որոշումը մնում է Թրամփին, իսկ Պուտինի հետ նրա հարաբերությունները կարող են ազդել համաձայնագրի վերջնական արդյունքի վրա։ Դիվանագիտական շփումներին մասնակցած եվրոպացի պաշտոնյաներից մեկը գագաթնաժողովում տեղի ունեցածն անվանել է վտանգավոր նախադեպ։





























