Լիբիայի իշխանությունները հայտարարել են, որ կիրակի առավոտյան Բենգազիի ռազմածովային բազայում տեղի ունեցած պայթյունի հետաքննության նախնական արդյունքները մատնանշում են նավահանգստում կանգնած ռուսաստանյան նավը, հաղորդում է LANA գործակալությունը։

Հիմնական վարկածներից մեկի համաձայն, նավը կարող էր անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակման ենթարկված լինել։

Ինչպես նշվում է Ներկայացուցիչների պալատի կողմից նշանակված Լիբիայի կառավարության հայտարարության մեջ, նավը վերադառնում էր Ռուսաստան և կանգ էր առել Բենգազիի նավահանգստում՝ վառելիքի և պարենի պաշարները համալրելու նպատակով՝ երկու երկրների միջև համագործակցության և ծովային սպասարկման վերաբերյալ գործող համաձայնագրերի շրջանակում։

Իշխանություններն ընդգծել են, որ նավահանգստային ենթակառուցվածքները, ռազմածովային բազան և դրանց պահեստները չեն տուժել։ Հրդեհը մարելուց հետո դեպքի վայրը վերցվել է վերահսկողության տակ, իսկ նավահանգստի և բազայի աշխատանքը շարունակվել է բնականոն ռեժիմով։

Իրավասու ուժային և ռազմական գերատեսչություններին հանձնարարվել է համակողմանի հետաքննություն անցկացնել և Ռուսաստանի իշխանությունների հետ համակարգել գործողությունները՝ համատեղ հետաքննություն կազմակերպելու համար։ Դրա նպատակն է պարզել ենթադրյալ հարձակման հանգամանքները, դրա աղբյուրը և տեղի ունեցածի համար պատասխանատուներին։

Կառավարությունը դատապարտել է լիբիական նավահանգստում նավի վրա հարձակումը՝ այն անվանելով ազգային ինքնիշխանության դեմ լուրջ ոտնձգություն և նավահանգիստների ու ծովային նավագնացության անվտանգությանն ուղղված անմիջական սպառնալիք։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ իշխանությունները մտադիր չեն տեղի ունեցածը համարել սովորական միջադեպ, որը կարելի է անպատասխան թողնել։

Լիբիայի կառավարությունը հայտարարել է անհրաժեշտ իրավական և դիվանագիտական միջոցներ ձեռնարկելու և բոլոր նրանց պատասխանատվության ենթարկելու իր իրավունքի մասին, ում մասնակցությունը հարձակման պլանավորմանը, կազմակերպմանը կամ աջակցությանը կապացուցվի։

Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ Լիբիան չի մասնակցում ռուս-ուկրաինական պատերազմին կամ իր տարածքից դուրս ընթացող այլ զինված հակամարտություններին։ Բարեկամ պետությունների հետ համագործակցությունը և համապատասխան համաձայնագրերը պատկանում են երկրի ինքնիշխան լիազորությունների շրջանակին և չեն կարող արդարացում ծառայել նրա տարածքի, նավահանգիստների կամ շահերի դեմ հարձակումների համար։

Իշխանությունները նախազգուշացրել են, որ թույլ չեն տա օգտագործել լիբիական նավահանգիստները, տարածքը կամ տարածքային ջրերը՝ հաշիվներ մաքրելու և միջազգային հակամարտությունները երկրի տարածք տեղափոխելու համար։ Նրանք խոստացել են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ազգային շահերն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար՝ անկախ նրանից, թե ով կճանաչվի տեղի ունեցածի պատասխանատուն։