Լոնդոնի Brent Cross առևտրի կենտրոնում ամանորյա զարդարանքների տեղադրման ժամանակ տղամարդ է մահացել էլեկտրահարումից, հայտնում է The Telegraph-ը։

Աշխատողը ծանր վնասվածքներ է ստացել չորեքշաբթի՝ նոյեմբերի 18-ի առավոտյան, և հաջորդ օրը մահացել հիվանդանոցում։

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 05:00-ի սահմաններում։ Քառասունն անց տուժածին շտապօգնության աշխատակիցներն առաջին օգնություն են ցուցաբերել, որից հետո նրան տեղափոխել են մասնագիտացված վնասվածքաբանական կենտրոն։ Չնայած բժիշկների ջանքերին՝ տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել։

Չորեքշաբթի առևտրի կենտրոնը փակ է եղել։ Դեպքի հանգամանքները հետաքննում են ոստիկանությունն ու Բարնեթի մունիցիպալիտետի աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի մասնագետները։

Առևտրի կենտրոնի ներկայացուցիչն ավելի վաղ Daily Mail թերթին հայտնել էր, որ դեպքը կապված է եղել ամանորյա ձևավորման նախապատրաստման շրջանակում «կապալառուի կողմից իրականացվող տեխնիկական սպասարկման աշխատանքների» հետ։ Նա տեղի ունեցածը որակել է առանձին միջադեպ։

Լոնդոնի ոստիկանությունը հաստատել է, որ չորեքշաբթի՝ առավոտյան ժամը հինգի սահմաններում, հաղորդում է ստացել առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին։ Իրավապահները հայտնել են, որ տղամարդը հոսպիտալացվել է և մահացել նոյեմբերի 19-ին։ Տեղի ունեցածի մասին տեղեկացվել են նրա հարազատները։

Քննիչները սկսել են աշխատողի մահվան հանգամանքների հետաքննությունը։ Ոստիկանության տվյալներով, քննչական գործողությունները շարունակվում են։