Գերմանիայի Ալգոյ շրջանում գտնվող եկեղեցում 19 մարդ է տուժել շմոլ գազից թունավորման հետևանքով, որը, ենթադրաբար, առաջացել է ջեռուցման համակարգի անսարքության պատճառով։ Տուժածներից չորսը ծանր վիճակում են, dpa գործակալությանը հայտնել է տարածաշրջանային փրկարար ծառայության կարգավարական կենտրոնի ներկայացուցիչը։ AFP-ի տվյալներով, բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։

Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ միջադեպի պատճառները դեռ պարզված չեն։ Շուրջ 6 հազար բնակիչ ունեցող Բադ Գրյոնենբախ համայնքում լայնածավալ գործողություն է իրականացվել՝ փրկարար ծառայությունների, հրշեջների և ոստիկանության մասնակցությամբ։

Allgäuer Zeitung թերթի տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել Ռինգենհայմ ամրոցի մատուռում (Schlosskapelle im Ringeisenhaus), որտեղ Սուրբ Պետրոսի քահանայական եղբայրության քահանաները ժամերգություն էին անցկացնում։ Պարբերականը չի նշում տուժածների ճշգրիտ թիվը՝ ընդգծելով, որ խոսքը կարող է գազի արտահոսքի մասին լինել։

Ինչպես հայտնում է թերթը, ժամերգության ընթացքում ներկաներից մի քանիսը կորցրել են գիտակցությունը։ Դրանից հետո ժամերգությունն ընդհատվել է, և կանչվել են արտակարգ ծառայությունները։

Օրվա երկրորդ կեսի սկզբի դրությամբ միջադեպի մանրամասները չէին հաղորդվում։ Բադ Գրյոնենբախը գտնվում է Բավարիա դաշնային երկրամասում՝ Բադեն Վյուրթեմբերգի հետ սահմանից ոչ հեռու։