ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը միջանկյալ ընտրությունների արդյունքում ապահովել է առնվազն 258 տեղ Ներկայացուցիչների պալատում՝ գրանցելով Կոնգրեսի ստորին պալատի ընտրություններում վերջին մի քանի տասնամյակների իր լավագույն արդյունքը, հայտնում է Associated Press-ը։
Կուսակցությունն առնվազն 44 լրացուցիչ տեղ է ստացել՝ գերազանցելով 2018 թվականի միջանկյալ ընտրությունների արդյունքը, երբ դեմոկրատները 40 լրացուցիչ մանդատ էին նվաճել։
258 տեղի շեմը հաղթահարվել է կիրակի՝ Հյուսիսային Կարոլինայում դեմոկրատ Չաք Հաբարդի՝ հանրապետական Վիրջինիա Ֆոքսի նկատմամբ տարած հաղթանակից հետո։ Եվս չորս ընտրապայքարի ելքը դեռ անորոշ է՝ մեկական Մինեսոտայում և Թենեսիում ու երկուսը՝ Լուիզիանայում, որտեղ երկրորդ փուլը կանցկացվի դեկտեմբերին։ Հանրապետականները կստանան առնվազն 173 տեղ։
Դեմոկրատների մեծամասնությունը կուսակցության համար ամենամեծը կլինի 1992 թվականի ընտրություններից ի վեր, երբ Բիլ Քլինթոնն առաջին անգամ նախագահ ընտրվեց։ Այն ժամանակ դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում 258 տեղ ստացան։ Համեմատության համար՝ 2008 թվականին Բարաք Օբամայի հաղթանակից հետո կուսակցությունն ուներ 257 մանդատ։ Սակայն այս արդյունքները զիջում են Ֆրանկլին Ռուզվելտի ժամանակաշրջանի ցուցանիշներին, երբ ստորին պալատում դեմոկրատների տեղերի թիվը գերազանցում էր 300-ը։
Ընտրությունների արդյունքները պայմաններ են ստեղծում իշխանության բաժանման համար. դեմոկրատները վերահսկում են ոչ միայն Ներկայացուցիչների պալատը, այլև Սենատը, մինչդեռ Սպիտակ տունը մնում է հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի վերահսկողության ներքո։
Դեմոկրատները մշակում են առաջին 100 օրվա աշխատանքային ծրագիրը, որում մտադիր են հատուկ ուշադրություն դարձնել կյանքի ծախսերի նվազեցմանը։ Միաժամանակ նրանք նախատեսում են ուժեղացնել Թրամփի վարչակազմի նկատմամբ վերահսկողությունը և նրա երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում հնարավոր խախտումների քննությունը։
Ուժերի նոր դասավորությունը մեծացնում է ճնշումը դեմոկրատների վրա, որոնք պետք է կատարեն նախընտրական խոստումները։ Կոլորադոն ներկայացնող կոնգրեսական Ջեյսոն Քրոուն հայտարարել է, որ կուսակցությունը պետք է գործելու հրատապ անհրաժեշտություն զգա։
«Այս երկրում մարդիկ մահանում են, կորցնում բժշկական ապահովագրությունը, ապրուստի միջոցներն ու ֆերմաները, իսկ ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայությունը՝ ICE-ը, ահաբեկում է մարդկանց», — ասել է Քրոուն այս ամսվա սկզբին։ Նրա կարծիքով, եթե օրենսդիրները չեն գիտակցում խոստումների կատարման հրատապությունն ու դրա համար իրենց պատասխանատվությունը, ապա նրանց տեղը Կոնգրեսում չէ։





























