Միչիգան նահանգից ընտրված դեմոկրատ սենատոր Աբդուլ Էլ Սայեդը NBC News-ի Meet the Press հաղորդման եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ համագործակցելու պատրաստակամության մասին՝ ամերիկացիների ծախսերը նվազեցնելու և առողջապահական համակարգը բարելավելու նպատակով։

Դա տեղի է ունեցել նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական գործիչների՝ միմյանց հասցեին հնչեցրած սուր քննադատությունից մի քանի շաբաթ անց։

Պատասխանելով նախագահի կամ փոխնախագահի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին՝ Էլ Սայեդը հայտնել է, որ բանակցությունների նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են։

«Ես պատրաստ եմ խոսել ցանկացածի հետ։ Միչիգանի բնակիչներն ինձ ընտրել են իրենց շահերը ներկայացնելու համար, և ես կաշխատեմ բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են վերացնել փողի ազդեցությունը քաղաքականության վրա, ավելացնել մարդկանց եկամուտները և Medicare for All ծրագրով ապահովել համընդհանուր բժշկական ապահովագրություն», — հայտարարել է նա։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը բազմիցս հանդես է եկել Էլ Սայեդի դեմ՝ աջակցելով նրա մրցակցին՝ հանրապետական նախկին կոնգրեսական Մայք Ռոջերսին։ ԱՄՆ նախագահը դեմոկրատին անվանել է «ջիհադիստ» և շեշտել նրա երկրորդ անունը՝ Մոհամեդ։ Էլ Սայեդը Թրամփին և նրա կողմնակիցներին մեղադրել է իսլամաֆոբիայի մեջ։

Ընտրություններին հաջորդած գիշերն իր հաղթական ելույթում դեմոկրատն ուղղակիորեն դիմել է ԱՄՆ նախագահին. «Դոնա՛լդ, գիտեմ՝ Ձեզ համար դժվար էր հիշել իմ անունը։ Ուստի այն բանից հետո, երբ Ջեյ Դին հունվարին ընդունի իմ երդումը, կարող եք ինձ պարզապես սենատոր անվանել»։

Էլ Սայեդի գլխավոր նախընտրական խոստումներից մեկը բոլոր ամերիկացիներին ամբողջ կյանքի ընթացքում՝ «օրորոցից մինչև գերեզման», բժշկական ապահովագրությամբ ապահովելն էր։

Շաբաթ օրը նա X սոցիալական ցանցում առաջարկել է առողջապահության մասին նոր օրենքն անվանել Trumpcare՝ Բարաք Օբամայի նախագահության օրոք ընդունված Obamacare բարեփոխման նմանությամբ։ Էլ Սայեդը հրապարակել է Trumpcare գրությամբ ոսկեգույն բժշկական ապահովագրական քարտի պատկեր և դիմել Թրամփին՝ յուրաքանչյուր ամերիկացու բժշկական ապահովագրությամբ ապահովելու կոչով։ Ավելի ուշ նախագահն այդ պատկերը հրապարակել է իր սոցիալական ցանցերում՝ առանց մեկնաբանության։

Նախօրեին Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նույնպես հնարավոր է համարել առողջապահության ոլորտում դեմոկրատների հետ համագործակցությունը՝ նշելով, որ նրանց առաջարկներն ունեն թե՛ առավելություններ, թե՛ թերություններ։

Սպիտակ տան ներկայացուցիչ Լորեն Բիսը NBC News-ին հայտնել է, որ ԱՄՆ նախագահը պատրաստ է աշխատել բոլոր նրանց հետ, ովքեր ձգտում են արդյունքների հասնել ի շահ ամերիկացիների։ Միաժամանակ նա հավելել է, որ եթե դեմոկրատները նախընտրեն «կեղծ հետաքննություններն» ու արմատական ձախերի քաղաքականությունը, ապա դրանով դեմ դուրս կգան քաղաքացիների շահերին։

Էլ Սայեդը կարծում է, որ Թրամփի հայտարարությունները համագործակցության հնարավորություններ են բացում։ Ըստ նրա, բանակցությունների ընթացքում կարևոր է կենտրոնանալ ընդհանուր նպատակին հասնելու, այլ ոչ թե անձնական տարաձայնությունների վրա։

Թեև քաղաքական գործիչը սատարում է Medicare for All ծրագրին, նա հստակեցրել է, որ կցանկանար առաջ մղել մի մոդել, որը յուրաքանչյուրին հասանելի պետական բժշկական ապահովագրության տարբերակ կառաջարկի։ Էլ Սայեդն այն համեմատել է պետական դպրոցների համակարգի հետ. բոլորն իրավունք ունեն օգտվելու դրանցից, նույնիսկ եթե որոշ ընտանիքներ նախընտրում են մասնավոր հաստատությունները։

Նրա կարծիքով, նման համակարգի գլխավոր առավելությունը բժշկական օգնության երաշխավորված հասանելիությունն ու դրա ապահոված պաշտպանվածության զգացումն են։