Ֆրանսիայում ակտիվիստները պահանջել են կասեցնել արցունքաբեր գազի օգտագործումը՝ դաշտանային ցիկլի խանգարումների և վերարտադրողական առողջության այլ խնդիրների վերաբերյալ բողոքներից հետո, հաղորդում է Associated Press-ը։
Նրանց վկայությամբ, որոշ կանանց մոտ նման ախտանիշներ են ի հայտ եկել բողոքի ցույցերի և ոստիկանական գործողությունների ժամանակ գազի ազդեցությանը ենթարկվելուց հետո։ Սակայն նյութի ազդեցության և այդ խանգարումների միջև անմիջական կապի գիտական ապացույցներն առայժմ բավարար չեն։
Արցունքաբեր գազը, մասնավորապես՝ CS նյութը, առաջացնում է աչքերի և շնչուղիների գրգռում, հազ, այրոց և շնչառության դժվարացում։ Իրավապահ մարմիններն այն լայնորեն կիրառում են ցույցերը ցրելու և անկարգությունները ճնշելու համար։
Վերջին տարիներին Ֆրանսիայում բողոքի ցույցերի մասնակիցներն ավելի հաճախ են սկսել հայտնել գազի կիրառումից հետո ի հայտ եկած արտասովոր ախտանիշների մասին։ Որոշ կանայք պատմել են դաշտանային ուժեղ ցավերի, ցիկլի փոփոխությունների և առողջական այլ խնդիրների մասին։ Մյուսները բողոքել են շնչուղիների երկարատև գրգռումից և ինքնազգացողության վատթարացումից։
Մինեսոտայի համալսարանի բժշկական դպրոցի բժիշկ և հետազոտող Աշա Հասանը նշել է, որ նման հաղորդումներն արժանի են ուշադրության, սակայն առայժմ թույլ չեն տալիս հաստատել պատճառահետևանքային կապը։ Դրա համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, որոնք թույլ կտան գնահատել քիմիական գրգռիչների ազդեցությունը վերարտադրողական համակարգի վրա։
Ավելի վաղ Associated Press-ը հետաքննություն էր անցկացրել՝ նվիրված արցունքաբեր գազի կիրառման հնարավոր հետևանքներին։ Լրագրողներն ուսումնասիրել էին բողոքի ցույցերի ժամանակ դրա ազդեցությանը ենթարկված մարդկանց վկայությունները, ինչպես նաև գիտական գրականությունը։ Սակայն առկա հետազոտություններն ունեն սահմանափակումներ. մասնավորապես՝ դժվար է տարանջատել բուն գազի ազդեցությունը մյուս գործոններից, այդ թվում՝ սթրեսից և ուղեկցող հիվանդություններից։
Ակտիվիստները կարծում են, որ մինչև ավելի համոզիչ գիտական տվյալներ ստանալը պետք է կասեցնել արցունքաբեր գազի օգտագործումը։ Նրանք իշխանություններին կոչ են անում ուսումնասիրել առողջության համար հնարավոր վտանգները և ապահովել դրա կիրառման հետևանքների անկախ գնահատումը։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը շարունակում է արցունքաբեր գազը դիտարկել որպես հասարակական կարգի պահպանման միջոց։ Նման միջոցների արտադրության հետ առնչություն ունեցող Alsetex և Nobel Sport ընկերությունները լրագրողների հարցումներին ի պատասխան մեկնաբանություններ չեն տրամադրել։





























