Կիպրոսը լրտեսության մեջ կասկածվող երկու ռուսաստանցի դիվանագետի է արտաքսել, հայտնում է Politico-ն՝ հղում անելով Կիպրոսի իշխանությունների երկու ներկայացուցչի։
Politico-ի աղբյուրների տվյալներով, տեղական հատուկ ծառայությունները բացահայտել են մի ցանց, որը փորձել է գաղտնի տեղեկություններ ձեռք բերել Կիպրոսի և Եվրամիության անվտանգության վերաբերյալ։
Երկու բարձրաստիճան պաշտոնյաների վկայությամբ, դիվանագետները երկիրը լքել են անցյալ շաբաթ։ Նրանք կասկածվում են դիվանագիտական քողի տակ ռուսաստանյան հետախուզության օգտին աշխատելու մեջ։
Ինչպես հայտնել են աղբյուրները, ցանցի մասնակիցները նաև փորձել են հասանելիություն ստանալ այն տեխնոլոգիաների մասին տեղեկություններին, որոնց արտահանումը Ռուսաստան արգելված է ԵՄ պատժամիջոցներով։ Բացի այդ, կասկածյալները կապ են հաստատել գաղտնի տեղեկություններին հասանելիություն ունեցող Կիպրոսի քաղաքացիների հետ։
Պաշտոնյաներն այս մասին պատմել են անանունության պայմանով, քանի որ լիազորված չեն հրապարակայնորեն քննարկելու գործի հանգամանքները։ Ավելի վաղ Կիպրոսի հատուկ ծառայությունների գործողության մասին հայտնել էր տեղական ANT1 Live հեռուստաընկերությունը։
Նախկինում Ռուսաստանը Կիպրոսում օտարերկրյա ուղղակի ներդրումների հիմնական աղբյուրներից մեկն էր։ Կղզին նաև բանկային կենտրոն էր ռուսաստանցի ներդրողների համար, այդ թվում՝ զենքի բիզնեսի և մոլախաղերի ոլորտի հետ կապեր ունեցողների։
Սակայն վերջին տարիներին ԵՄ պատժամիջոցները, վերահսկողության խստացումը և աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունը Նիկոսիային ստիպել են կրճատել տնտեսական կապերը Մոսկվայի հետ։ Եվրամիության անդամ Կիպրոսը 2022 թվականին Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո աջակցել է Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների խստացմանը։
Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության տվյալներով, 2022 թվականի փետրվարից եվրոպական երկրները դիվանագիտական ներկայացուցչություններից արտաքսել են ավելի քան 700 ռուսաստանցի պաշտոնյայի։





























