Գերմանական Mercedes-Benz ավտոարտադրողն աճուրդի կհանի իր պատմության ամենահազվագյուտ սպորտային ավտոմեքենաներից մեկը՝ ռոտորային շարժիչով փորձարարական Mercedes-Benz C111-II-ը, հայտնում է dpa-ն։
Աճուրդը կանցկացվի Փարիզում՝ 2027 թվականի փետրվարին, իսկ մեքենայի արժեքը գնահատվում է 25 մլն եվրո (27,4 մլն դոլար)։ Սա առաջին դեպքն է, երբ այս շարքի ավտոմեքենան վաճառքի կառաջարկվի բաց շուկայում։
C111 նախատիպն այդպես էլ սերիական արտադրության չդրվեց։ Ընդհանուր առմամբ կառուցվել է 17 օրինակ, որոնցից 13-ը պատկանում են Mercedes-Benz-ին։ Երկտեղանի ավտոմեքենան նախատեսված էր որպես լեգենդար Mercedes-Benz 300 SL Gullwing-ի իրավահաջորդ և առաջին անգամ ներկայացվել է Ֆրանկֆուրտի ավտոսրահում՝ 1969 թվականին։
Վաճառքի հանված վառ նարնջագույն C111-II-ը կառուցվել է 1970 թվականի օգոստոսին։ 2006 թվականից այն գտնվում էր Mercedes-Benz-ի թանգարանում։ Վազքաչափը ցույց է տալիս 24 766 կմ։ 2024 թվականին ավտոմեքենան վերականգնվել է Կալիֆոռնիայի Փեբլ Բիչում դասական մեքենաների ցուցահանդեսին մասնակցելուց առաջ։
Մեքենան համալրված է Mercedes-Benz-ի մշակած՝ 350 ձիաուժ հզորությամբ Վանկելի M 950 քառառոտոր շարժիչով և ZF-ի հնգաստիճան փոխանցման տուփով։ Ավտոմեքենայի հետ գնորդին կփոխանցվեն նաև մագնեզիումի համաձուլվածքից պատրաստված բնօրինակ անվահեծերը, սակայն այժմ դրանք պիտանի են միայն ցուցադրության համար։
Mercedes-Benz-ը նաև խոստացել է առնվազն առաջիկա 25 տարիների ընթացքում չվաճառել C111-ի մյուս օրինակները։
Ապրանքանիշի շատ երկրպագուների այս մոդելը ծանոթ է առաջին հերթին 1970-ականներին թողարկված՝ 1:43 մասշտաբով Matchbox խաղալիք մեքենաներից։ Իսկական C111-ը հանրության համար գործնականում անհասանելի էր մնում՝ մինչև առաջիկա աճուրդը։





























