ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի՝ շրջանակի մեջ դրված մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարով, հայտնում է BBC News-ը։

Ինչպես հայտնում է Richmond Auctions աճուրդի տունը, մազափունջը ժամանակին պատկանել է Ջոն Գեդսբիին, որը Վաշինգտոնին հյուրընկալել է 1799 թվականին՝ նրա մահից ոչ շատ առաջ։ Հետագայում մասունքը հայտնվել է հավաքորդ Ջոն Կ. Լատիմերի մոտ, որն այն ստացել էր Գեդսբիի ժառանգներից մեկից։ Նոր սեփականատիրոջ անունը չի բացահայտվում։

Ըստ Գեդսբիի թոռնուհու՝ Ջուլիա Թեն Էյք Մաքբլերի վկայության, որը հրապարակվել է աճուրդի տան կայքում, իր պապը մազափունջը ստացել է Վաշինգտոնի հետ ընկերության և նախագահի կյանքի վերջին օրերին նրա հետ շփման շնորհիվ։ Գեդսբին մազերը տեղադրել է շրջանակի մեջ և կախել Վաշինգտոն քաղաքում գտնվող իր տան՝ Վաշինգտոնի դիմանկարի տակ, որտեղ, ըստ Մաքբլերի, մասունքը մնացել է նրա ողջ կյանքի ընթացքում։

Գեդսբին բնակվել է Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում և երկու անգամ՝ 1798 և 1799 թվականներին, կազմակերպել է Վաշինգտոնի ծննդյան օրվա տոնակատարությունը։

Այս վաճառքը ռեկորդային չէր։ 2021 թվականին երեք մազ, որոնք, ինչպես ենթադրվում է, կտրվել էին Վաշինգտոնի մահից ոչ շատ առաջ կամ դրանից հետո և պահվում էին մեդալիոնի մեջ, վաճառվել են գրեթե 40 հազար դոլարով։

Վաշինգտոնը գլխավորել է ամերիկյան զորքերը Անկախության պատերազմի ժամանակ, մասնակցել է ԱՄՆ Սահմանադրության մշակմանը և դարձել երկրի առաջին նախագահը։ Նա պաշտոնը ստանձնել է 1789 թվականին և երկու պաշտոնավարման ժամկետից հետո՝ 1797 թվականին, հեռացել է պաշտոնից։

Վաշինգտոնի մազափնջերը պահպանվել են մի քանի հավաքածուներում։ Նախագահի նախկին նստավայրի՝ Մաունթ Վերնոնի թանգարանի տվյալներով, այնտեղ պահվում է առնվազն 50 նման նմուշ։

XIX դարում ընկերների և հարազատների մազափնջերը պահելն ու ցուցադրելը հատկապես տարածված էր, նշվում է թանգարանի բլոգում։ Այդ ավանդույթը տարածված էր նաև ամերիկյան ունևոր ընտանիքներում, այդ թվում՝ Վաշինգտոնի ընտանիքում։

ԱՄՆ առաջին նախագահի հետ կապված այլ իրեր նույնպես պահանջարկ ունեն աճուրդներում։ Հուլիսին Վաշինգտոնի ստորագրությամբ 1776 թվականի մի նամակ, որով նա խնդրում էր զինվորներ տրամադրել բրիտանացիների դեմ մարտնչող Մայրցամաքային բանակին, վաճառվել է 109 800 դոլարով։