Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնավոր կարգով համաձայնել է, որ պատերազմի ավարտից հետո Ուկրաինան կարող է ԱՄՆ-ից և Եվրոպայից ստանալ անվտանգության երաշխիքներ՝ նման Հյուսիսատլանտյան պայմանագրի հինգերորդ հոդվածով նախատեսվածներին։ Պայմանը Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի բացակայությունն է, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով բանակցություններին մոտ կանգնած աղբյուրին։

Այս պայմանների կատարման դիմաց Ռուսաստանը կարող է հասնել պատժամիջոցների մեղմացմանը, նշում է պարբերականը։

Սակայն, ըստ լրատվամիջոցների, սահմանափակումները կվերականգնվեն, եթե Մոսկվան սկսի զորքեր կուտակել նոր ներխուժման համար։

Կենտրոնական հարցերից մեկը շարունակում է մնալ Ուկրաինայի եվրոպական ապագան։ Պուտինը 2022 թվականին սկսեց լայնածավալ ներխուժումը՝ ձգտելով խոչընդոտել Եվրոպայի հետ նրա մերձեցմանը, սակայն, ինչպես կարծում են բանակցությունների մասնակիցները, այդ նպատակին նա չի հասել։ Քուշները հայտարարել է Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հեռանկարի քննարկման հարցում «զգալի առաջընթացի» մասին։ Եվրոպացի պաշտոնյաները հաստատել են, որ դիտարկում են Ուկրաինային անդամակցության ճանապարհին առաջ մղելու համար հատուկ մեխանիզմ ստեղծելու հնարավորությունը, թեև գործընթացը կարող է տևել մինչև տասը տարի։

Մեկ այլ առանցքային խնդիր է մնում տարածքային հարցը։ Պուտինը պահանջում է Ռուսաստանին հանձնել ամբողջ Դոնբասը, որտեղ ընթանում են ամենակատաղի մարտերը, գրում է WP-ն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվում է զիջել տարածաշրջանի այն տարածքները, որոնք ռուսաստանյան զորքերը չեն կարողացել գրավել։

Քուշները փորձում է գտնել այնպիսի լուծում, որի դեպքում Պուտինը կհամաձայներ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն՝ Դոնբասի ցանկալի տարածքները ստանալու դիմաց, հայտնում է պարբերականը։

Ըստ Զելենսկու, ամերիկյան կողմն այս հարցն առաջին անգամ բարձրացրել է անցած շաբաթ։ Նա հայտարարել է, որ պատրաստ է հնարավոր փոխզիջումը դնել հանրաքվեի, եթե համաձայնագիրը ներառի անվտանգության երաշխիքներ, երկրի վերականգնման ֆինանսավորում և ապագա ուկրաինական բանակի թվաքանակի սահմանափակումների բացակայություն։