«Տիտանիկի» խորտակումից փրկված ամենահայտնի ուղևորուհիներից մեկի՝ Լյուսի, լեդի Դաֆ-Գորդոնի ադամանդե մատանին աճուրդում վաճառվել է 150 հազար ֆունտ ստեռլինգով (մոտ 165 հազար դոլար), հայտնում է բրիտանական Easy Live Auction առցանց հարթակը։
Լյուսին զարդը կրում էր 1912 թվականի ապրիլի 15-ին տեղի ունեցած աղետի ժամանակ, որը շուրջ 1500 մարդու կյանք խլեց։ Մատանին դարձավ միակ արժեքավոր ոսկերչական զարդը, որը նրան հաջողվեց պահպանել։ Ընտանիքում այն անվանում էին «Տիտանիկի մատանի» և համարում, որ այն ամուսնական մատանի է եղել։
Զարդը փոխանցվել է ժառանգաբար և ի վերջո հասել Լյուսիի թոռանը՝ բրիտանացի գիտնական և Լորդերի պալատի անդամ Ջոնին՝ Հալսբերիի երրորդ կոմսին։ Նրա մահից հետո մատանին մնացել է ընտանիքում։ Աճուրդը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Ուիլթշիր կոմսության Դևայզես քաղաքի Henry Aldridge & Son աճուրդի տանը։
1912 թվականին Լյուսին և նրա ամուսինը՝ սըր Կոսմո Դաֆ-Գորդոնը, «Տիտանիկով» ճանապարհորդում էին առաջին կարգով։ Տարհանման ժամանակ ամուսիններն ու նրանց քարտուղարուհի Լորա Մեյբլ Ֆրանկատելլին փրկվել են առաջին փրկանավակով։ Այն նախատեսված էր 40 մարդու համար, սակայն ջուրն են իջեցրել ընդամենը 12 հոգով, որոնցից յոթը անձնակազմի անդամներ էին։
Փրկվածներին օգնության հասած Carpathia նավի վրա սըր Կոսմոն փրկանավակի նավաստիներից յուրաքանչյուրին հինգ ֆունտ ստեռլինգի չեկ է տվել։ Նավի խորտակումից հետո White Star Line ընկերությունը դադարեցրել էր անձնակազմի աշխատավարձերի վճարումը։ Այս քայլը լուրերի տեղիք է տվել, թե ամուսինները կաշառել են նավաստիներին, որպեսզի նրանք չվերադառնան ջրում մնացած մարդկանց հետևից՝ վախենալով փրկանավակի գերբեռնվելուց։
Նույն աճուրդում վաճառվել են նաև «Տիտանիկի» հետ կապված այլ հուշաիրեր։
• Սաութհեմփթոնից նավի մեկնման օրը այն դիտելու տոմսը վաճառվել է 40 հազար ֆունտով։ Այն երկրորդ կարգի ուղևորի մորը թույլ էր տալիս նավը դիտել մեկնումից առաջ։ Տոմսը պատկանել է Էլիզա Դիբդենին, որի 18-ամյա որդին՝ Ուիլյամը, զոհվել է նավի խորտակման ժամանակ։ Տոմսին կից ներկայացված էր պատանու առաջին հաղորդության վկայականը՝ թվագրված 1908 թվականով։
• «Տիտանիկի» ավագ ռադիոօպերատոր Ջեք Ֆիլիպսի բացիկը վաճառվել է 32 հազար ֆունտով։ Նա այն ուղարկել էր իր քրոջը՝ Էլսիին, 1912 թվականի ապրիլի 6-ին, երբ նավը Սաութհեմփթոնում էր։ Աղետի ժամանակ Ֆիլիպսը ռադիոյով հաղորդագրություններ էր ուղարկում մյուս նավերին՝ խնդրելով օգնել փրկել ուղևորներին և անձնակազմին։ Աճուրդավար Էնդրյու Օլդրիջը նրան անվանել է ողբերգության իսկական հերոսներից մեկը։



























