Իտալական Ferrari ավտոարտադրողը վերակենդանացրել է Challenge Stradale անվանումը 296 սուպերքարի նոր թեթևացված տարբերակի համար, որը ստեղծվել է՝ շեշտը դնելով մրցարշավային բնութագրերի վրա, գրում է Autocar-ը։

Նորույթը զրկվել է հիբրիդային համակարգից՝ զանգվածը նվազեցնելու և դինամիկան բարելավելու նպատակով։ Դրա մոտավոր արժեքը կկազմի շուրջ 300 հազար եվրո՝ մոտ 115 հազար եվրոյով պակաս, քան 296 Speciale էքստրեմալ տարբերակինը։ Ընդ որում՝ Եվրոպայում մոդելի հայտարարված գինը կազմում է 291 500 եվրո։

Ինչպես 2003 թվականի 360 Challenge Stradale մոդելը, նոր ավտոմեքենան ևս հանրային ճանապարհների համար նախատեսված տարբերակ է՝ մշակված Ferrari-ի հաճախորդների համար իրականացվող մրցարշավային ծրագրերի փորձի հիման վրա։ Այն ստացել է վերամշակված թափք և շասսի, բարելավված աերոդինամիկա և թեթևացված կառուցվածք։

Ստանդարտ 296 GTB-ի հիբրիդային համակարգի փոխարեն նորույթը համալրված է կրկնակի տուրբոմղմամբ 3 լիտրանոց V6 բենզինային շարժիչով, որն ապահովում է 661 ձիաուժ հզորություն և 740 Ն·մ ոլորող մոմենտ։ Սա 158 ձիաուժով պակաս է ստանդարտ հիբրիդային մոդելի հզորությունից, սակայն ավտոմեքենայի չոր զանգվածն ընդամենը 1330 կգ է՝ 296 GTB-ի 1470 կգ-ի դիմաց։ Արդյունքում տեղից մինչև 100 կմ/ժ արագացումը տևում է 2,8 վայրկյան՝ 0,1 վայրկյանով ավելի արագ, քան հիբրիդի դեպքում։

Ֆիորանոյում գտնվող Ferrari-ի փորձարկման մրցուղում Challenge Stradale-ը մեկ շրջանն անցնում է 1 րոպե 18,5 վայրկյանում՝ 296 GTB-ին գերազանցելով 2,5 վայրկյանով։ Նույնիսկ ավելի հզոր 296 Speciale-ն և SF90-ը շրջանն անցնում են մոտ կես վայրկյանով ավելի դանդաղ։

Ավտոմեքենան մշակվել է Challenge Evo մրցարշավային տարբերակին զուգահեռ։ Երկու մեքենաների շարժիչներն էլ ստացել են հատուկ կարգավորումներ՝ հիբրիդային համակարգի բացակայությունը հաշվի առնելով։ Ըստ Ferrari-ի, տուրբոմղման ճնշման և գազաբաշխման փուլերի փոփոխությունները բարելավում են շարժիչի արձագանքը ցածր պտույտների դեպքում և նվազեցնում տուրբոուշացումը։ Վերակարգավորվել է նաև երկու կցորդիչով ութաստիճան ռոբոտացված փոխանցման տուփը. փոխանցումների փոփոխությունը տևում է մոտ 170 միլիվայրկյան։

Կիսաակտիվ ամորտիզատորներով վերամշակված կախոցն ապահովում է ավտոմեքենայի ավելի կայուն վարքագիծը։ Արտադրողի տվյալներով, կողային դինամիկ բնութագրերը բարելավվել են 7%-ով, կայունությունը՝ 34%-ով, իսկ թափքի կողաթեքումները նվազել են 68%-ով։

Աերոդինամիկ թափքակազմը ներառում է խոշոր սփլիթերներ, օդափոխության բացվածքներ, լրացուցիչ աերոդինամիկ տարրեր, ամբողջությամբ փակ հատակ և հետևի մեծ հակաթև։ 250 կմ/ժ արագության դեպքում ավտոմեքենան առաջացնում է 617 կգ սեղմող ուժ՝ 72%-ով ավելի, քան 296 GTB-ն։

Սուպերքարը նաև ստացել է խոշոր կարբոնակերամիկական արգելակներ՝ աերոդինամիկայի տեսանկյունից օպտիմալացված սուպորտներով, և վերամշակված հովացման համակարգ։ Խոշորացված ելքային խողովակներով նոր երկխողովակ արտանետման համակարգը բարելավում է V6 շարժիչի հնչողությունը։ Հավելավճարով կարելի է պատվիրել մրցարշավային արտանետման համակարգ, որը նախատեսված է բացառապես մրցուղում օգտագործելու համար և տեղադրվում է դիլերի մոտ։

Սրահում զանգվածը նվազեցնելու նպատակով օգտագործվել են դռների ամբողջական կարբոնային վահանակներ՝ առանց բազկակալների և իրերի պահման խցիկների։ Գնորդները ցանկության դեպքում կարող են հրաժարվել նաև ոտքերի հատվածի դեկորատիվ հարդարման մի մասից՝ շասսիի որոշ տարրեր բաց թողնելով։