Եվրամիությունում (ԵՄ) հակաբիոտիկների նկատմամբ կայուն Klebsiella pneumoniae բակտերիայով վարակման դեպքերի աճը մտահոգություն է առաջացնում։ Այս մասին նոյեմբերի 23-ին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ)։
«Այս թվերը մտահոգիչ են՝ հաշվի առնելով նկատվող միտումը», — ընդգծել են կազմակերպության ներկայացուցիչները «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում։
ԱՀԿ-ի տվյալներով՝ ԵՄ-ում 2025 թվականին կարբապենեմների նկատմամբ կայուն Klebsiella pneumoniae-ով պայմանավորված արյան վարակների դեպքերի թիվը 2019 թվականի համեմատ աճել է 72%-ով։ Կարբապենեմները հզոր հակաբիոտիկներ են, որոնք հիմնականում կիրառվում են առավել ծանր վարակների բուժման համար։
Կազմակերպությունում ընդգծել են, որ խնդիրն անհամաչափ է տարածված եվրոպական երկրներում։ Վիճակագրական տվյալներ ներկայացրած՝ ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի 43 պետություններից 10-ում Klebsiella pneumoniae բակտերիաների շրջանում կարբապենեմների նկատմամբ կայունների մասնաբաժինը հասել է առնվազն 50%-ի։
Ամենաբարձր ցուցանիշները հիմնականում գրանցվում են տարածաշրջանի հարավում և արևելքում, մինչդեռ որոշ երկրներում կայունության մակարդակը չի գերազանցում 1%-ը։ ԱՀԿ-ից նաև հիշեցրել են, որ ԵՄ-ն նպատակ ունի մինչև 2030 թվականը կարբապենեմների նկատմամբ Klebsiella pneumoniae-ի կայունությունը ներկայիս մակարդակի համեմատ նվազեցնել 5%-ով։





























