ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով՝ կապված ՀՀ նոր սահմանադրության նախագծի հրապարակման հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ նոյեմբերի 23–ին, հրապարակվել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով։

Կայքում առանձնացված բաժնում ներկայացվում է , թե ինչ նոր կետեր ունի նոր Սահմանադրությունը։

Նա, մասնավորապես, մեջբերում է արել Սահմանադրության նոր նախագծից. «Ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը հիմնադրել է իր անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունը ապահովելու, ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով: Այս նպատակի իրականացումը պետական շահն է»։

Սրանք պարզապես նախադասություններ չեն, այլ պետության մոդելի ընտրություն, և սա պետության բոլորովին նոր մոդել է, և հենց այս մոդելն ենք անվանում չորրորդ հանրապետություն։

Ինչո՞վ է տարբերվում չորրորդ հանրապետությունը երրորդ հանրապետությունից: Հակամարտության բացակայությամբ, սիրելի հայրենակիցներ։ Հայաստանի երրորդ հանրապետությունը ստեղծվել է ոչ թե քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունը ապահովելու, ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, այլ հակամարտության նպատակով, հակամարտության համար։ Դա ակնհայտ է ոչ միայն 1990-ականների Հայաստանի առաջնորդների հայտարարություններից ու հոդվածներից, այլև 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված անկախության հռչակագրի տեքստից։

Հենց կոնֆլիկտի այդ տրամաբանությունն է, որ մարդուն ու նրա երազանքները մի կողմ է դրել ու գնացել հակամարտության ճանապարհով։ Հենց կոնֆլիկտի այս տրամաբանությունն է, որ մեր երկիրը հյուծած արտագաղթի պատճառ է դարձել։ Հենց կոնֆլիկտի այս տրամաբանությունն է, որ մեր երկրում ստեղծել է գեներալ Մանվելներ, Դոդի Գագոներ, Կալուգացի Սամոներ, Ռոբերտ Քոչարյաններ, Սերժ Սարգսյաններ և Միշիկներ, որոնց գործն ու առաքելությունը եղել է մեկը, մեծ Հայաստանի մասին ճոռոմաբանությունների ներքո թալանել, թալանել, թալանել։ Այսօր, ի վերջո, հերթով ու շարքով թալանչիները գտնում են իրենց արժանի պատիժը։

Թալանվածը վերադարձվում է պետությանը և ժողովրդին, բայց այսօր Հայաստանում արդարադատությունը վստահելի չէ։ Ես չգիտեմ, խոստովանում եմ, չգիտեմ, թե վաղը որ դատարանը, ինչ որոշումով, որ թալանչի կամ կոռուպցիոներին ազատ կարձակի քրեաօլիգարխիկ արդարադատության համակարգի պատճառով, որը գործող սահմանադրությունն առել է երկաթյա պաշտպանության տակ նույնիսկ ժողովրդի մանդատը ունեցող կառավարության առկայության պայմաններում, բազմաթիվ թալանչիներ ու մարդասպաններ վխտում են ազատության մեջ։

Այս սահմանադրության նպատակներից մեկը արդարադատությունը, օլիգարխիայի ճիրաններից ազատելը ու այն ժողովրդին վերադարձնելն է, ժողովրդին ու պետությանը ծառայեցնելը։ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքներով իշխանությունը վերադարձված է ժողովրդին։

Նոր սահմանադրության ընդունմամբ պետությունը պետք է վերադարձվի ժողովրդին։ Նոր Սահմանադրության ընդունմամբ խաղաղությունը պետք է վերադարձվի ժողովրդին։ Նոր նախագծի, Նոր Սահմանադրության նոր նախագծի ութերորդ հոդվածը արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության նպատակը խաղաղության ապահովում է և սա դարակազմիկ արձանագրում է։

Եվ սա այո, հրաժարվում է 1990 թվականի օգոստոսի 23-ի անկախության հռչակագրի, այսինքն կոնֆլիկտի տրամաբանությունից, երբեք ու երբեք չտրվեք գայթակղությանը մտածելու, թե մենք սա անում ենք արտաքին ճնշումների կամ ուրիշի համար, մենք սա անում ենք մեր պետության հարատևության տեսլականին կյանք տալու և Հայաստանի Հանրապետությունը այնպես դիրքավորելու համար, որ հաղթահարի ֆորպոստի տրամաբանությունը»։