Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազդարարել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի մեկնարկը, որի մասին նախատեսում է պաշտոնապես հայտարարել նոյեմբերի 23-ին։ Նախագիծը ձևավորվել է 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի, Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում։ Այդ ժամանակ առաջնորդները ստորագրել են համատեղ հռչակագիր՝ երթուղին ներառելով հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման ընդհանուր ծրագրում։ Այս մասին «Իզվեստիա» թերթում գրում է քաղաքական գիտությունների թեկնածու, Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի (ՄՊԼՀ) արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոնի վարիչ Դմիտրի Սիդորովը։

Հեղինակի գնահատմամբ՝ ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող TRIPP նախաձեռնությունը փոխարինել է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպմանը՝ Երևանի համար դառնալով դիվանագիտորեն ընդունելի փոխզիջում։ Սիդորովն այն համարում է վերջին տարիներին Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ամենահավակնոտ նախաձեռնություններից մեկը։ Նախագիծը ենթադրում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ բազմամյա վեճը տեղափոխել տնտեսական և ենթակառուցվածքային նախագծերի հարթություն՝ Վաշինգտոնի առաջատար դերակատարմամբ։

Երթուղին 42–43 կմ երկարությամբ տարանցիկ հատված է Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում։ Այն ձգվում է հայ-իրանական սահմանի երկայնքով՝ Մեղրի և Ագարակ քաղաքների մերձակայքով։ Նախագծի նպատակն է վերականգնել խորհրդային ժամանակաշրջանի երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքները, որոնք անտեսված էին Արցախյան առաջին պատերազմից հետո։ Դա թույլ կտա ուղիղ կապ ապահովել Ադրբեջանի հիմնական տարածքի, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի երկաթուղային ցանցի միջև։

Ըստ հրապարակման՝ նախագիծը նախատեսում է մասնավոր կորպորատիվ և ներդրումային կապիտալի ներգրավում, իսկ դրա հիմնական օպերատորը հայ-ամերիկյան համատեղ «TRIPP Development Company» ընկերությունն է։ Նախաձեռնությունը ֆինանսավորելու համար ԱՄՆ Պետդեպարտամենտը հիմնադրել և նպատակային կապիտալով է ապահովել «TRIPP+ Enterprise» Անդրկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամը (Trans-Caspian Enterprise Fund), որը գործում է Եվրոպական և եվրասիական գործերի բյուրոյի վերահսկողության ներքո։ Հիմնադրամի ղեկավար է նշանակվել ամերիկացի գործարար և Հանրապետական կուսակցության խոշոր հովանավոր Կոնստանտին Սոկոլովը։

Երևանի մտահղացմամբ՝ TRIPP նախագիծը կօգնի հաղթահարել տրանսպորտային շրջափակումը, ներգրավել խոշոր օտարերկրյա ներդրումներ և Հայաստանը վերածել տարածաշրջանի առանցքային լոգիստիկ ու էներգետիկ հանգույցի։ Միևնույն ժամանակ, հայաստանյան ընդդիմությունը «Թրամփի ուղին» համարում է վտանգավոր աշխարհաքաղաքական զիջում և «Զանգեզուրի միջանցքի» քողարկված տարբերակ, որը կարող է հանգեցնել Սյունիքի նկատմամբ վերահսկողության կորստի։ Քննադատները պնդում են, որ կարճ ժամանակահատվածում Սոկոլովի ձեռքում են կենտրոնացել առանցքային ֆինանսական, հեռահաղորդակցության և հանքարդյունաբերական ակտիվներ, այդ թվում՝ Թեղուտի հանքավայրը։ Ընդդիմադիրների համոզմամբ՝ նախագիծը սպառնում է Սյունիքը վերածել օտարերկրյա ազդեցության գոտու և սրել հարաբերություններն Իրանի ու Ռուսաստանի հետ։

Սկզբնական շրջանում «Թրամփի ուղին» առավել կոշտ քննադատության էր ենթարկում Իրանը։ Երկրի իշխանություններն իրենց հյուսիսային սահմանների մոտ ամերիկյան կառույցների հայտնվելն ընկալում էին որպես ազգային անվտանգության սպառնալիք և աշխարհատնտեսական մեկուսացման փորձ։ Ըստ հոդվածի՝ Երևանի հետ բանակցություններից և երաշխիքներ ստանալուց հետո Թեհրանը մեղմացրել է իր հռետորաբանությունը։ Այդ երաշխիքները վերաբերում էին երթուղում ամերիկացի զինվորականների բացակայությանը, սահմանների անձեռնմխելիությանը և աշխատանքներում միայն հայկական ընկերությունների ներգրավմանը։ Այդուհանդերձ, իրանական կողմն ընդգծել է, որ շարունակելու է խստորեն հետևել իր «կարմիր գծերի» պահպանմանը։

Մոսկվան իր հերթին հայտարարել է նախագծին մասնակցելու տարբերակներն ուսումնասիրելու պատրաստակամության մասին՝ միաժամանակ մատնանշելով իրավական և գործնական լուրջ խոչընդոտները։ Խոսքը «Ռուսական երկաթուղիների»՝ «Հարավկովկասյան երկաթուղու» միջոցով իրականացվող կոնցեսիոն իրավունքները, Հայաստանի սահմաններին ռուս սահմանապահների ներկայությունը և ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքի կանոնները հաշվի առնելու անհրաժեշտության մասին է։ Սիդորովի ներկայացմամբ՝ ռուս փորձագետների մեծամասնությունը TRIPP-ը գնահատում է որպես Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելուն և եվրասիական ինտեգրումը թուլացնելուն ուղղված ամերիկյան աշխարհաքաղաքական նախագիծ՝ ընդգծելով դրա խոցելիությունն ու իրավական հակասությունները։

Հեղինակի գնահատմամբ՝ TRIPP-ի իրականացումն արտացոլում է ուժերի հավասարակշռության լուրջ տեղաշարժ Հարավային Կովկասում, որտեղ Ռուսաստանը կարող է կորցնել անվտանգության գլխավոր երաշխավորի և բանակցությունների առանցքային միջնորդի կարգավիճակը։ Նա կարծում է, որ Վաշինգտոնի և Անկարայի կողմից դիվանագիտական ու ենթակառուցվածքային նախաձեռնության ստանձնումը որոշումների կայացման կենտրոնը տեղափոխում է արևմտյան հարթակներ։ Սիդորովի պնդմամբ՝ եթե Սյունիքում հայտնվեն ամերիկյան մասնավոր ռազմական ընկերություններ, խորհրդականներ կամ դիտորդներ, դա ուղղակի մարտահրավեր կլինի Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությանը և կխորացնի Երևանի ու Թեհրանի միջև լարվածությունը։

Հոդվածում նշվում է, որ «Թրամփի ուղին» ամրապնդում է Անդրկասպյան Միջին միջանցքը, որը Չինաստանից և Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա բեռնափոխադրումներն ուղղորդում է Հարավային Կովկասով ու Թուրքիայով՝ շրջանցելով Ռուսաստանը։ Հեղինակի գնահատմամբ՝ դա նվազեցնում է Տրանսսիբիրյան մայրուղու և «Հյուսիս–Հարավ» միջանցքի մրցունակությունը։ Բացի այդ, հաշվի առնելով կոնցեսիոն պայմանագիրը վերանայելու Երևանի նախաձեռնությունները՝ նա տեսնում է Հայաստանի երկաթուղիների կառավարման համակարգից «Ռուսական երկաթուղիների» դուրսմղման վտանգ։ Սիդորովը նաև պնդում է, որ Հայաստանի սահմանին ԱՄՆ-ի հովանու ներքո հատուկ վերահսկողության ռեժիմի ներդրումը կարող է վտանգել ԵԱՏՄ շրջանակում գործող մաքսային կանոնների ու ընթացակարգերի պահպանումը։

Այդուհանդերձ, ըստ հեղինակի՝ առանցքային դերակատարների պրագմատիկ մոտեցման դեպքում Ռուսաստանը նույնպես կարող է որոշակի օգուտներ ստանալ։ Մասնավորապես, հնարավոր կլինի Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան կազմակերպել հացահատիկի, հեղուկ գազի և բիտումի կանոնավոր երկաթուղային մատակարարումներ, ռուսական ընկերություններին ներգրավել ենթակառուցվածքների կառուցման ու կառավարման աշխատանքներում, վերականգնել Ռուսաստան–Աբխազիա–Վրաստան–Հայաստան ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը և ամրապնդել ենթակառուցվածքային կապերը Հարավային Կովկասի հետ։ Միաժամանակ, Սիդորովը մեծ է համարում հավանականությունը, որ «Թրամփի ուղու» գործարկումից հետո Երևանը կարագացնի Մոսկվայից հեռանալու գործընթացը։

Սիդորովի կարծիքով՝ TRIPP-ի մեկնարկն ինքնին չի հանգեցնի հայ-ադրբեջանական հակամարտության վերջնական կարգավորմանը՝ երկու հիմնական պատճառով։ Նախ՝ կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում երթուղու գործարկման առանցքային սկզբունքները։ Հայաստանը հայտարարել է ինքնիշխանության սկզբունքի պահպանման մասին և համապատասխան երաշխիքներ տվել Իրանին, մինչդեռ Ադրբեջանը երթուղին դիտարկում է գերազանցապես որպես երկրի հիմնական տարածքը Նախիջևանին կապող անխոչընդոտ ճանապարհ։

Երկրորդ՝ «Թրամփի ուղու» գործարկումը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման միակ պայմանը չէ։ Ադրբեջանը պնդում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը։ Հրապարակման համաձայն՝ նոյեմբերի 23-ին սպասվում է, որ Արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահմանադրության նախագիծը, իսկ Փաշինյանը հանդես կգա ժողովրդին ուղղված ուղերձով։ Սակայն, ինչպես նշում է հեղինակը, Ադրբեջանի այս պահանջի կատարումը բախվում է դժվարությունների․ Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները դեմ են Մայր օրենքի փոփոխությանը, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» չի կարողանում ապահովել անհրաժեշտ թվով ձայներ։ Հոդվածում նշվում է նաև, որ օրակարգում անգամ նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցն է։ Սիդորովի եզրակացությամբ՝ Հայաստանի համար հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանը նույնիսկ ներկայիս պայմաններում կարող է խոսել ուժի դիրքերից։