Երեկ՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում Ռոստովյան-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են «Chery», «Kia» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով «ՎԱԶ 2107» -ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մխրճվել Աթոյան փողոցում գործող շինանյութի խանութ՝ կոտրելով ցուցափեղկն ու ապակիները։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Մինչ քննչական խումբը դեպքի վայրում աշխատում էր, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։