Իրաքի պետական «Iraqi Airways» ավիաընկերությունը հայտարարել է Թունիսի հարավ-արևմուտքում կայանված երկու «Boeing 747» ինքնաթիռ վաճառելու մտադրության մասին։ Դրանցից մեկը՝ YI-ALM գրանցման համարով «Boeing 747SP»-ը, պատկանել է Իրաքի կառավարությանը և սպասարկել է երկրի նախկին նախագահ Սադամ Հուսեյնին։

Ավիաընկերության կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ վաճառքի հանված օդանավերից յուրաքանչյուրը գնահատվում է 900 հազար դոլար։ Գործարքը կնքելու նպատակով Թունիսում Իրաքի դեսպանատանն առընթեր ձևավորվել է հատուկ հանձնաժողով, որը դեկտեմբերի 21-ից մինչև հունվարի 5-ը կընդունի հնարավոր գնորդների հայտերը։ Միևնույն ժամանակ «Iraqi Airways»-ում ընդգծել են, որ ինքնաթիռները վաճառվում են իրենց ներկայիս վիճակում և առանց տեխնիկական երաշխիքների։ Տեղափոխման, սեփականության իրավունքի վերաձևակերպման, մաքսային տուրքերի և վերանորոգման բոլոր ծախսերը հոգալու է գնորդը։

Բացի «Boeing 747SP»-ից, որով Սադամ Հուսեյնը մի քանի անգամ թռիչքներ է իրականացրել, վաճառքի է հանվել նաև 330 ուղևորի համար նախատեսված «Boeing 747-200» մարդատար ինքնաթիռը։ Երկու օդանավերն էլ արտադրվել և Իրաք են մատակարարվել 1982 թվականին։

1991 թվականի հունվարին՝ ԱՄՆ զինված ուժերի և դաշնակիցների իրականացրած «Փոթորիկ անապատում» գործողության մեկնարկից մի քանի շաբաթ առաջ, Իրաքի իշխանությունները որոշել էին երկրից դուրս բերել մի քանի մարդատար ինքնաթիռ և տեղակայել դրանք Մերձավոր Արևելքի այլ երկրներում՝ հնարավոր ավիահարվածներից պաշտպանելու նպատակով։ Ինչպես նշում է «Al Arabiya» հեռուստաալիքը, հիշատակված «Boeing 747SP»-ն ու «Boeing 747-200»-ը տեղափոխվել էին Թունիսի «Թաուզար-Նեֆտա» միջազգային օդանավակայան։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ևս վեց իրաքյան օդանավ գտնվում էր Հորդանանում և հետագայում վաճառվել է որպես մետաղի ջարդոն, հինգը մնում է Իրանում, իսկ առնվազն երկուսը՝ Թունիսում։

Իրաքի իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանել ինքնաթիռների առաջիկա վաճառքի վերաբերյալ «Iraqi Airways»-ի հայտարարությունը։