Նոյեմբերի 23-ի առավոտյան Պերմի երկրամասը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Տեղական ալիքները հայտնում են «Լուկօյլի» «Պերմնեֆտեօրգսինթեզ» նավթավերամշակման գործարանին հասցված առնվազն երեք հարվածի մասին։ Ձեռնարկությունը Ռուսաստանի տասը խոշորագույն նավթավերամշակման գործարաններից է։ Սա 2026 թվականի սկզբից ի վեր գործարանին հասցված առնվազն յոթերորդ հարվածն է։ Բնակիչների նկարահանած լուսանկարներն ու տեսանյութերը վկայում են գործարանում հրդեհի մի քանի օջախների առկայության մասին։
Ըստ Astra ալիքի՝ բաց աղբյուրների հետախուզության (OSINT) վերլուծաբանի՝ հրդեհի հիմնական գոտին, ենթադրաբար, նավթի վերամշակման տեղամասում է, որտեղ կենտրոնացած են հիմնական տեխնոլոգիական կայանքները, այդ թվում՝ էլեկտրական աղազրկման և մթնոլորտային-վակուումային թորման սարքավորումները։ Պերմի երկրամասի նահանգապետ Դմիտրի Մախոնինը հաստատել է չանվանված «արդյունաբերական օբյեկտում» նոր «վնասվածքների» առկայությունը՝ հավելելով, որ տուժածներ չկան։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում անօդաչուների հարձակումը հետ են մղել ՀՕՊ ուժերն ու շարժական կրակային խմբերը։
«Պերմնեֆտեօրգսինթեզը» տարեկան արտադրում է շուրջ 2 մլն տոննա բենզին և 5 մլն տոննա դիզելային վառելիք։ Գործարանի տարեկան նավթավերամշակման հզորությունը հասնում է 13 մլն տոննայի։ 2026 թվականի սկզբից մինչև այս հարձակումը Ուկրաինայի զինված ուժերն առնվազն վեց անգամ հարվածել էին ձեռնարկությանը։ Մայիսի սկզբին և օգոստոսի վերջին հասցված հարվածներից հետո գործարանն ամբողջությամբ դադարեցրել էր աշխատանքը՝ վերամշակման կայանքների լուրջ վնասվածքների պատճառով։
Օդային հարձակման ժամանակ Պերմի երկրամասում գործարկվել է «Կովյոր» պլանը։ Ռոսավիացիան դադարեցրել է տարածաշրջանի հիմնական՝ Բոլշոյե Սավինո օդանավակայանի աշխատանքը։
Նոյեմբերի 23-ի գիշերն ուկրաինական հարձակումների են ենթարկվել նաև Թաթարստանի Ալմետևսկ քաղաքի մերձակայքում գտնվող «Կալեյկինո» նավթամղման կայանը և Ռոստովի մարզի Նովոշախտինսկի նավթամթերքների գործարանը։ «Կալեյկինո» կայանն առանցքային դեր է խաղում Պովոլժիեի և Արևմտյան Սիբիրի տարբեր շրջաններից ստացվող նավթի փոխադրման ու պահեստավորման գործում։ Նովոշախտինսկի նավթամթերքների գործարանը Ռուսաստանի հարավի խոշորագույն նավթավերամշակման ձեռնարկություններից է։





























