Նոր սահմանադրության նախագծով երկրի վարչապետը պետք է ընտրվի խորհրդարանական մեծամասնություն ձևավորած քաղաքական ուժի պատգամավորներից։
Եթե վարչապետի պաշտոնը թափուր մնա, նոր վարչապետի թեկնածուն նույնպես պետք է պատգամավոր լինի։ Թեկնածու կարող է լինել նաև Կառավարության անդամը, որի պատգամավորական լիազորությունները ժամանակավորապես կասեցված են։
Սա, ըստ կառավարության հիմնավորման, նպատակ ունի ապահովելու վարչապետի և խորհրդարանական մեծամասնության միջև քաղաքական կապը։
Կառավարությունը համարվում է կազմավորված, երբ նշանակվել են նրա անդամների առնվազն երկու երրորդը։ Սա թույլ է տալիս Կառավարությանը սկսել աշխատանքը, նույնիսկ եթե որոշ նախարարներ դեռ նշանակված չեն։ Միաժամանակ, Սահմանադրությամբ չի սահմանվում փոխվարչապետների և նախարարների առավելագույն թիվը, որպեսզի Կառավարության կազմը հնարավոր լինի որոշել ըստ անհրաժեշտության։
Նախագծով Կառավարության նիստերը պետք է լինեն հրապարակային, իսկ դռնփակ նիստեր կարող են անցկացվել միայն օրենքով նախատեսված հատուկ դեպքերում։ Սա հնարավորություն կտա քաղաքացիներին ավելի լավ հետևելու Կառավարության աշխատանքին և որոշումների կայացմանը։
Նշենք, որ գործող սահմանադրությամբ երկրի վարչապետի պաշտոնում կարող են ընտրվել այն քաղաքացիները, որոնք բավարարում են ԱԺ պատգամավորի համար սահմանված չափանիշներին և բոլորովին պարտադիր չէ, որ թեկնածուն պատգամավոր լինի։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը իր քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, որ ՀՀ հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը։ Փաստորեն նոր սահմանադրությամբ փակվում է նաև հնարավորությունը, որ ԱԺ–ից դուրս որևէ մեկը դառնա վարչապետ։
Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը ներկայացրել է նոր Սահմանադրության նախագիծը և դիմել է ուղերձով: Նոր սահմանադրության նախագիծը հրապարակվել է հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով։





























