ՀՀ նոր սահմանադրության նախագծով պահպանվել է բազմաթիվ քննադատությունների արժանացած «կայուն մեծամասնության» սկզբունքը։

Խոսքը վերաբերում է նրան, որ գործող սահմանադրությամբ եթե Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում որևէ կուսակցություն չի ստանում մանդատների 50 տոկոսից ավելին, և շեմը հաղթահարած քաղաքական ուժերը չեն կազմում կոալիցիա, ապա առավելագույն թվով ձայներ ստացած ուժն ի վերջո ձեռք է բերում այնքան լրացուցիչ մանդատ, որ խորհրդարանում ունենա մեծամասնություն։

Այս դրույթի վերաբերյալ նոր սահմանադրության նախագծում նշված է հետևյալը.

1. Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Եթե ընտրության արդյունքով կամ երկշաբաթյա ժամկետում քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա նորընտիր Ազգային ժողով չի կազմավորվում, և անցկացվում են նոր ընտրություններ քաղաքական կոալիցիա կազմելու ժամկետի ավարտից հետո` ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո:

2. Եթե նոր ընտրությունների արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կրկին խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա, Ընտրական օրենսգրքի համաձայն, երաշխավորվում է կայուն խորհրդարանական մեծամասնություն։ Կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորման համար անհրաժեշտ երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձևավորումը: Քաղաքական կոալիցիա կազմելու սահմանափակումները, պայմանները և կարգը սահմանվում են Ընտրական օրենսգրքով»։

Հիշեցնենք, որ երբ 2015-ին նախկին նախագահ Սերժ Սարգսյանի օրոք փոփոխվող Սահմանադրությունում ներդրվեց կայուն մեծամասնության դրույթը, ընդդիմադիր դաշտում դեմ էին գրեթե բոլորը, այդ թվում այժմյան իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները։

Նշենք, որ այսօր Փաշինյանը ներկայացրել է նոր Սահմանադրության նախագիծը և դիմել է ուղերձով: Նոր սահմանադրության նախագիծը հրապարակվել է հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով։