Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ներսում սպառնում է բուլդոզերով, իսկ Ադրբեջանը դրսից՝ պատերազմով։ Այս մասին նոյեմբերի 23-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։
«Այս պայմաններում ի՞նչ հանրաքվեի մասին է խոսքը»,– հարցրել է պատգամավորը։
Խաչատրյանի խոսքով՝ եթե Փաշինյանն այդքան համարձակություն ունի, թող իրականացնի իր երկրորդ սպառնալիքը՝ անցկացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Նա հիշեցրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունը՝ «Կա՛մ Սահմանադրությունը, կա՛մ ժողովուրդը ձեզ կհեռացնի»։ Խաչատրյանի պնդմամբ՝ այդ հայտարարությունը բացառում է արտահերթ ընտրությունների հնարավորությունը։
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի Սահմանադրությունը չփոխվի, իսկ Հայաստանը չդառնա Ադրբեջանին հպատակ երկիր։
«Եթե Սահմանադրությունը փոխվի, իսկ Հայաստանը վերածվի ադրբեջանական գաղութի, ո՞վ է ասել, որ արտահերթ կամ հերթական ընտրություններ ընդհանրապես տեղի կունենան»,– հարցրել է Խաչատրյանը։
Հիշեցնենք՝ նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել է նոյեմբերի 23-ին։ Նախաբանում հղում չկա Հայաստանի անկախության հռչակագրին, որտեղ խոսվում է «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին»։
Հռչակագրում հիշատակվում է նաև Հայոց ցեղասպանությունը․ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։
Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման է առաջադրել հռչակագրին հղումը հանելը։





























