Իրանը մտադիր չէ բավարարվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման վերաբերյալ բացառապես հայկական կողմի հավաստիացումներով և շարունակելու է ուշադիր հետևել դրա ընթացքին։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Պատասխանելով Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական դասավորության հնարավոր փոփոխության և Իրանի սահմանների մոտ արտատարածաշրջանային ուժերի հայտնվելու ռիսկերի պայմաններում Թեհրանի դիրքորոշման մասին լրագրողների հարցերին, Բաղային ընդգծել է, որ TRIPP-ի հարցը միայն արտաքին քաղաքական գերատեսչության իրավասության տիրույթում չէ, այլ ունի համապետական նշանակություն։

«Իհարկե, դա բոլորովին այդպես չէ։ Ինչպես գիտեք, մենք չենք պատրաստվում բավարարվել միայն այլ կողմերի խոստումներով ու հավաստիացումներով։ Նախ՝ այս հարցը վերաբերում է ոչ միայն ԱԳՆ-ին, սա պետական մասշտաբի խնդիր է, և երկրի բոլոր համապատասխան կառույցներն ուշադիր հետևում են իրավիճակի զարգացմանն ու անհրաժեշտության դեպքում կձեռնարկեն համապատասխան միջոցներ»,— հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։

Նա նշել է, որ Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ. Իրանը կողմ է Հարավային Կովկասում տնտեսական կապերի զարգացմանն ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն պարտադիր է համարում հաշվի առնել հարևան և տարածաշրջանային պետությունների շահերը և թույլ չտալ տարածաշրջանի աշխարհաքաղաքական դասավորության փոփոխություն։

Բաղայիի խոսքով՝ առանձնահատուկ կարևորություն ունի երրորդ երկրների և ուժերի միջամտության կանխումը, որոնց ներկայությունը կարող է սպառնալ տարածաշրջանային անվտանգությանը, ապակայունացնել իրավիճակը և բացասաբար ազդել Իրանի ու տարածաշրջանի պետությունների բարիդրացիական հարաբերությունների վրա։

ԱԳՆ ներկայացուցիչը նաև ուշադրություն է հրավիրել Թեհրանի և Երևանի միջև պատմականորեն ձևավորված հարաբերությունների վրա՝ նշելով, որ փոխադարձ վստահությունը կառուցվել է երկար տարիների ընթացքում՝ Հայաստանի անկախացման պահից ի վեր։

«Անշուշտ, կողմերից ոչ մեկը շահագրգռված չէ, որ այս վստահությունը վտանգվի երրորդ երկրների միջամտության պատճառով, որոնք որևէ նշանակություն չեն տալիս մեր տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը»,— ընդգծել է Բաղային։

Նա հիշեցրել է, որ Իրանը բազմիցս հայտարարել է իր սահմանների մոտ ցանկացած ռազմական կամ ուժային կառույցների տեղակայման անընդունելիության մասին։ Նրա խոսքով՝ հայկական կողմը Թեհրանին տրամադրել է անհրաժեշտ երաշխիքները, իսկ երկու երկրների հարաբերությունները բնութագրվում են վստահության բարձր մակարդակով։ Միևնույն ժամանակ, իրանական կողմը մտադիր չէ այդ վստահությունը տարածել նախագծի երրորդ մասնակիցների վրա։

Բաղային հավելել է, որ Թեհրանը շարունակելու է հետևել TRIPP-ի շուրջ զարգացումներին և սերտ կապեր պահպանել Հայաստանի համապատասխան կառույցների հետ։