Անթիվ զբոսաշրջիկներ վաղուց ի վեր մետաղադրամներ են նետում հայտնի Տրևի շատրվանի մեջ՝ Հռոմ վերադառնալու ակնկալիքով։ Սակայն այս տարի դրամական հոսքը նկատելիորեն նվազել է։ Պատճառը կարող է լինել մեկ անձի համար սահմանված երկու եվրո մուտքավճարը, որն այժմ գանձվում է շատրվանին մոտենալու համար։
2025 թվականին Իտալիայի մայրաքաղաքի սրտում գտնվող 26 մետրանոց կասկադային շատրվանի ջրից 1,86 միլիոն եվրո են հանել։ Այդ գումարներով Caritas Roma կազմակերպությունն արդեն վեց տարի աջակցում է կարիքավոր մարդկանց և ֆինանսավորում սոցիալական ծրագրեր, հայտնում է Bild-ը։ Սակայն, ըստ The Guardian թերթի տվյալների, այս տարի շատրվանից ստացվող դրամական հոսքը նվազել է մոտ 238 հազար եվրոյով։ Պատճառը կարող է լինել նոր մուտքավճարը, որը գանձվում է 2026 թվականի փետրվարից։ Caritas Roma-ի տնօրեն Ջուստինո Տրինչան Il Messaggero թերթին ասել է. «Տրևի շատրվանին անմիջականորեն մոտենալու հնարավորության սահմանափակումը կարող էր գործոններից մեկը լինել»։
Մուտքավճարը սահմանվել է, քանի որ ամեն տարի շատրվան էր այցելում ավելի քան չորս միլիոն զբոսաշրջիկ։ Դրա շրջակայքը գերբեռնված էր, մետաղադրամների գողության, աղտոտման և վնասման դեպքեր էին գրանցվում։ Մուտքավճարից ստացվող եկամուտները պետք է ուղղվեն շատրվանի և այլ տեսարժան վայրերի պահպանմանը։ Քաղաքային խորհրդի տվյալներով՝ արդեն առաջին ամսում քաղաքը ստացել է ավելի քան 435 հազար եվրո։ Դա այն գումարն է, որը այցելուները կարող էին նետել շատրվանի մեջ։
Հռոմի Caritas կազմակերպությունը չի ցանկանում լրացուցիչ մեկնաբանություններ տալ դրամական մուտքերի նվազման վերաբերյալ։ Կազմակերպության ներկայացուցիչը The Guardian-ին հայտնել է, որ այս տարվա հաշվարկներում առայժմ չեն ներառվել օտարերկրյա մետաղադրամները. «Հնարավոր է՝ նվազումն այնքան էլ լուրջ չէ»։
Տրևի շատրվանը Հռոմի Պոլի պալատի առջև գտնվող մոնումենտալ շատրվան է։ Այն ստեղծվել է 1732–1762 թվականներին՝ Կղեմես XII պապի համար, և համարվում է բարոկկոյի գլուխգործոց։




























