Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը նոյեմբերի 17–18-ին ուղևորություն է կատարել Հարավային Կովկաս՝ այցելելով Ադրբեջան և Հայաստան։ Վրաստանը նրա շրջագայության երթուղում չի ընդգրկվել, ուշադրություն է հրավիրում «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։

Շրջագայության մեկնարկից առաջ արված հայտարարության մեջ Վադեֆուլը Հարավային Կովկասը բնութագրել է որպես «շրջադարձային փուլում» գտնվող տարածաշրջան և նշել բազմամյա հակամարտությունները հաղթահարելու պատմական հնարավորությունը։ Բեռլինի առաջնահերթությունների թվում նա առանձնացրել է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին աջակցությունը, տրանսպորտային միջանցքների զարգացումը, էներգետիկան և առևտուրը, ինչպես նաև ընդգծել, որ տարածաշրջանի երկրների ապագան չպետք է որոշվի Մոսկվայում, հաղորդում է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը։

Մինչև 2024 թվականը Գերմանիան Վրաստանի ամենամերձավոր գործընկերներից էր, սակայն ժողովրդավարական հետընթացի և եվրաինտեգրման կասեցման շուրջ տարաձայնությունները հանգեցրել են հարաբերությունների լարվածության։

Թբիլիսիում իրավիճակի պատասխանատվությունը դնում էին Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերի վրա, սակայն 2026 թվականի օգոստոսին դիվանագիտական ներկայացուցչության նոր ղեկավարի նշանակումից հետո էլ «Վրացական երազանքի» կառավարությունը որևէ դրական փոփոխություն չէր արձանագրել։

2026 թվականի աշնանը միանգամից չորս գերմանական քաղաքական հիմնադրամներ կասեցրել են իրենց գործունեությունը Վրաստանում, որոնցից երկուսը հայտարարել են Թբիլիսիում իրենց գրասենյակների փակման մասին։ Ձևական առիթը օրենսդրական փոփոխություններն էին, որոնք օտարերկրյա կազմակերպություններին պարտավորեցնում են կառավարության հետ համաձայնեցնել հաստատված դրամաշնորհներն ու այլ աջակցությունը։