Ռուսաստանը հնարավոր է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայի տիեզերքում։ Դրա մասին ասվում է WDR, NDR հեռուստաալիքների և Süddeutsche Zeitung թերթի համատեղ հետաքննության մեջ։ Նրանք վկայակոչում են արևմտյան հետախուզական ծառայություններից, Բունդեսվերի և Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության աղբյուրներից ստացված տվյալները։ Այդ տեղեկությունները վերջերս միմյանց են փոխանցել նաև ՆԱՏՕ-ի մի քանի երկրներ, գրում են լրատվամիջոցները։ Նրանց տեղեկություններով՝ փորձագետները դրա մասին իրազեկել են Գերմանիայի կառավարությանը, ներառյալ՝ պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսին։
Խոսքը ռուսական «Սպուտնիկ-S» նախագծի մասին է, հաղորդում է DW-ն։ Լրատվամիջոցների տվյալներով՝ սարքը կառուցվել է դեռ մի քանի տարի առաջ և այդ ժամանակից ի վեր պահվում է Մոսկվայի մերձակայքում։ Այն կարող են ուղեծիր դուրս բերել 60 օրվա ընթացքում։ Բունդեսվերի տիեզերական հրամանատարության գնահատմամբ՝ արբանյակն, ըստ ամենայնի, կարձակվի արդեն դեկտեմբերին։ Եթե միջուկային լիցքով սարքն ուղարկեն տիեզերք և այնտեղ պայթեցնեն, դա շարքից դուրս կբերի բազմաթիվ այլ արբանյակներ և ուղեծրում բեկորների ամպ կստեղծի, ինչը Երկրի վրա բազմաթիվ, ոչ միայն ռազմական համակարգերի աշխատանքի խափանումների կհանգեցնի, գրում են WDR-ը, NDR-ը և SZ-ը։
Ինչպես դեռ 2024 թվականին հաղորդում էին ամերիկյան լրատվամիջոցները, Միացյալ Նահանգների իշխանությունները ևս մտավախություն ունեն, որ Ռուսաստանն աշխատում է տիեզերքում միջուկային զենքի տեղակայման ուղղությամբ։ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է պաշտոնապես մեկնաբանել այդ տվյալները։ Բեռլինում ՌԴ դեսպանատունը հերքել է դրանք՝ անվանելով «անհիմն պնդումներ» և «քարոզչական արշավի մաս»։ Ռուսական տիեզերական նախագծերն «իրականացվում են միջազգային պարտավորություններին համապատասխան» և ծառայում են «բացառապես խաղաղ նպատակների», հավելել են դիվանագետները։




























