Եվրամիությունում չեն ցանկանում որևէ տեղ ռուսական միջուկային տեխնոլոգիաներ տեսնել։ Այս մասին Alpha Media Centre-ում պանելային քննարկման ընթացքում հայտարարել է ՌԴ Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի վերլուծաբան Իգոր Յուշկովը։

Փորձագետի գնահատմամբ՝ ԵՄ-ն կարող է Հայաստանի առջև ռուսական միջուկային տեխնոլոգիաներից հրաժարվելու պայման դնել՝ միության հետ հետագա մերձեցման դիմաց։ Դա, նրա խոսքով, կարող է բարդացնել «Ռոսատոմի» մասնակցությամբ Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցումը։

Յուշկովը որպես օրինակ բերել է Բալթյան երկրները՝ նշելով, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացում այնտեղ փակվել են խորհրդային ատոմային հզորությունները։ Նրա ներկայացմամբ՝ պահանջը եղել է նախ փակել դրանք, ապա քննարկել անդամակցության հնարավորությունը։ Փորձագետի խոսքով՝ ԵՄ ներսում ևս ճնշում կա «Ռոսատոմի» հետ համագործակցող երկրների, օրինակ՝ Հունգարիայի նկատմամբ։ Նա կարծում է, որ նման քաղաքական պահանջներ կարող են ներկայացվել նաև Երևանին․ Բրյուսելը կարող է առաջարկել նախ հրաժարվել ռուսական միջուկային տեխնոլոգիաներից և ՌԴ մասնակցությամբ նոր կայան չկառուցել, ապա միայն քննարկել հետագա մերձեցման ու եվրոպական ինտեգրման հեռանկարները։

Միաժամանակ, Յուշկովի դիտարկմամբ, ֆինանսավորման դժվարություններ կարող են առաջանալ նաև Ռուսաստանի համար։ Այլ երկրների հետ «Ռոսատոմի» համագործակցության ավանդական մոդելը ենթադրում է ԱԷԿ-ի կառուցում՝ ռուսական պետական վարկի միջոցներով։ Սակայն ներկայիս տնտեսական պայմաններում նման նախագծերը ֆինանսավորելու Մոսկվայի հնարավորությունները նվազել են։ «Հարց է առաջանում՝ եթե նման սխեմա իրականացվի, և «Ռոսատոմը» նման վարկով գա, որտե՞ղ է երաշխիքը, որ այդ վարկը հետագայում կվերադարձվի»,– ասել է Յուշկովը։ Որպես հնարավոր տարբերակ՝ նա նշել է «Ռոսատոմի» մասնակցությունը միջազգային կոնսորցիումում, որը կարող էր նախագիծն իրականացնել ռուսական ВВЭР-1000 ռեակտորային տեխնոլոգիայի կիրառմամբ։

Փորձագետի գնահատմամբ՝ այդ դեպքում պայմանները կտարբերվեն Բելառուսում և Եգիպտոսում ԱԷԿ-ների կառուցման նախագծերի իրականացման ժամանակ կիրառված պայմաններից։

Անդրադառնալով գազի գնին՝ Յուշկովը նշել է, որ եթե Հայաստանը հայտարարի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, գազը կթանկանա՝ դառնալով լուրջ տնտեսական բեռ։ Նրա խոսքով՝ այժմ դժվար է հաշվարկել բոլոր հետևանքները կամ հստակեցնել ապագա գինը, սակայն թանկացումը կհանգեցնի գնաճի և բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա։ Այս համատեքստում փորձագետը հարց է բարձրացրել այն մասին, թե արդյոք Հայաստանը կկարողանա իրեն թույլ տալ նոր ԱԷԿ կառուցել։