Բրիտանիայում սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձ դուրս է մնացել ոստիկանության տեսադաշտից։ Նրանցից ավելի քան 500-ի գտնվելու վայրը չի հաջողվում պարզել արդեն մեկ տարուց ավելի, գրում է The Sun թերթը։
«Ոստիկանությունը կորցրել է Բրիտանիայի տարածքում սեռական բնույթի հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքը», — ասվում է պարբերականի հաղորդագրության մեջ։
Ինչպես նշում է թերթը, սեռական հանցագործությունների համար դատապարտվածների ցուցակում ընդգրկված բոլոր անձինք պարտավոր են իրավապահ մարմիններին տեղեկացնել իրենց բնակության վայրի և ցանկացած նոր անվան մասին, որն օգտագործում են։
Սակայն թերթի հետաքննությունը ցույց է տվել, որ Բրիտանիայում կատարած հանցագործությունների համար հաշվառված 997 անձ հետախուզման մեջ է կամ բնակվում է ոստիկանությանը անհայտ հասցեում։ The Sun-ի տվյալներով՝ նրանցից մեկին չեն կարողանում գտնել 1995 թվականից ի վեր։





























