Նոր Սահմանադրության նախագծով ՀՀ նախագահի հիմնական խնդիրներից է նպաստել Սահմանադրության և օրենքների պահպանմանը, պետական մարմինների անխափան աշխատանքին և նրանց միջև համագործակցությանը։
Նախագահը պետք է նպաստի նաև իշխանության տարբեր ճյուղերի միջև հավասարակշռության պահպանմանը և հնարավոր տարաձայնությունների հաղթահարմանը։ Նպատակն է բարձրացնել նախագահի դերը պետական կառավարման համակարգում՝ միաժամանակ պահպանելով Հայաստանի խորհրդարանական կառավարման ձևը։ Այսինքն՝ նախագահը չի ստանձնում Կառավարության գործառույթները, այլ նպաստում է պետական մարմինների համաձայնեցված աշխատանքին։
Նախագծով սահմանվում են նաև Հանրապետության նախագահի թեկնածուին ներկայացվող պահանջները։ Նախագահ կարող է ընտրվել առնվազն 35 տարին լրացած անձը, իսկ ՀՀ քաղաքացիության և Հայաստանում մշտական բնակության պահանջվող ժամկետները սահմանվում են 5 տարի։ Սա հնարավորություն է տալիս ավելի լայն շրջանակի անձանց հավակնելու նախագահի պաշտոնին։
Նախագահը որոշակի դեր է ունենալու նաև դատական իշխանության անկախության և բնականոն աշխատանքի ապահովման գործում։ Մասնավորապես, նա կարող է հրավիրել Բարձրագույն դատական խորհրդի նիստեր, սակայն չի կարող մասնակցել քվեարկությանը կամ պարտադիր ցուցումներ տալ։ Այսպիսով, նախագահը կարող է նպաստել դատական համակարգի արդյունավետ աշխատանքին՝ առանց միջամտելու Բարձրագույն դատական խորհրդի որոշումների կայացմանը։
Նշենք, որ գործող սահմանադրությամբ ՀՀ նախագահը ընտրվում է 7 տարով։ Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:





























