Նոր Սահմանադրության նախագծում առանձին գլուխ է նվիրված քաղաքական կուսակցություններին և լրատվամիջոցներին՝ ընդգծելով դրանց կարևոր դերը ժողովրդավարական պետության կյանքում։
Նոր Սահմանադրության նախագծով նախատեսվում է, որ կուսակցությունների ղեկավար մարմինները պետք է ձևավորվեն ընտրությունների միջոցով։ Սա հնարավորություն է տալիս կուսակցության անդամներին մասնակցելու կուսակցության կառավարմանը և ապահովում է ժողովրդավարական սկզբունքների պահպանումը նաև կուսակցությունների ներսում։
Կուսակցությունները պետք է գործեն ֆինանսական թափանցիկության սկզբունքով, որպեսզի հանրության համար պարզ լինի, թե որտեղից են ստանում իրենց ֆինանսավորումը։ Նրանք կարող են նվիրատվություններ ստանալ քաղաքացիներից, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում ֆինանսավորվել պետական բյուջեից։ Նպատակն է ապահովել արդար քաղաքական մրցակցություն և բարձրացնել կուսակցությունների նկատմամբ հանրային վստահությունը։
Նոր Սահմանադրությունը կարևորում է նաև ընտրողների կամքի ազատ արտահայտումը և դրա պաշտպանությունը։ Կուսակցությունները չպետք է ընտրակաշառքի, ճնշումների կամ այլ անթույլատրելի միջոցներով ազդեն քաղաքացիների ընտրության վրա։
Նախագծով նախատեսվում է, որ Սահմանադրական դատարանը կարող է արգելել կուսակցության գործունեությունը, եթե այն ուղղված է ընտրողների ազատ կամքի խաթարմանը, կուսակցությունը ստացել է օտարերկրյա ֆինանսավորում կամ քարոզում է Հայաստանի Հանրապետության անկախությունից հրաժարվելը։
Լրատվամիջոցների համար ևս նախատեսվում է ֆինանսական թափանցիկության պահանջ, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի դրանց ֆինանսավորման մասին։
Այսպիսով, նոր Սահմանադրությունը կուսակցություններին և լրատվամիջոցներին կարևոր տեղ է հատկացնում ժողովրդավարական հասարակությունում՝ միաժամանակ ընդգծելով դրանց ազատ գործունեության, ֆինանսական թափանցիկության և պատասխանատվության սկզբունքները։





























