ԱՄՆ Լուիզիանա նահանգի Լաֆայեթ քաղաքում հեռընթաց մարդատար գնացքը բախվել է բեռնատարի, ինչի հետևանքով երկու վագոն դուրս է եկել ռելսերից։ Այս մասին հայտնել է տարածաշրջանային KLFY հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ տեղական ժամանակով ժամը 18:05-ին։ Բուլդոզեր տեղափոխող բեռնատարի շարժիչն անջատվել է երկաթուղային գծանցում։ Մեքենավարը գործարկել է վթարային արգելակման համակարգը, սակայն չի կարողացել խուսափել բախումից։

Գնացքում մոտ 100 ուղևոր է եղել։ Ռելսերից դուրս են եկել առաջին երկու վագոնները։ Հեռուստաընկերությունը չի հստակեցրել՝ խոսքը միայն լոկոմոտիվի՞, թե՞ նաև մարդատար վագոնների մասին է։ Միջադեպի հետևանքով տուժել է չորս մարդ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Վթարը տեղի է ունեցել Գոհաբանության օրվանից չորս օր առաջ (այդ տարի տոնը նշվում էր նոյեմբերի 26-ին)։ Ընտանեկան այս տոնի օրերին ԱՄՆ-ում ավանդաբար աճում է ուղևորահոսքը, քանի որ երկրի բազմաթիվ բնակիչներ մեկնում են հարազատների մոտ՝ տոնական հանգստյան օրերը միասին անցկացնելու համար։ Բացի այդ, վերջին օրերին որոշ ամերիկացիներ ավելի հաճախ են նախընտրում երկաթուղային տրանսպորտը՝ ավիաընկերությունների և օդանավակայանների աշխատանքում բազմաթիվ խափանումների պատճառով։