Այս տարի մի շարք խոշոր տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի անկումը համադրելի է եղել 2000 թվականին դոթքոմների փլուզման ժամանակ արձանագրված անկման հետ։ Այս մասին նոյեմբերի 22-ին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը։
Պարբերականի փոխանցմամբ՝ ներկայիս զանգվածային վաճառքները հիմնականում կենտրոնացած են արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում գործող ընկերությունների բաժնետոմսերի վրա, մինչդեռ 2000 թվականին անկումն ընդգրկել էր ընկերությունների ավելի լայն շրջանակ։
Intel-ի բաժնետոմսերը տարեկան առավելագույնի համեմատ կորցրել են իրենց արժեքի 64%-ը՝ 2000 թվականի 60%-ի դիմաց։ Oracle-ի դեպքում անկումը կազմել է 60%՝ 37%-ի դիմաց, իսկ Nvidia-ի դեպքում՝ 48%՝ 62%-ի դիմաց։ S&P 500 ինդեքսը ամենօրյա առավելագույնից նահանջել է 12%-ով։ 2000 թվականին այն նվազել էր գրեթե 15%-ով, իսկ մեկ տարի անց տնտեսական անկումը վաճառքների նոր ալիք էր առաջացրել։
WSJ-ն անկման պատճառներից մեկը համարում է տվյալների կենտրոնների և սարքավորումների շուրջ ձևավորված սպեկուլյատիվ փուչիկի աստիճանական փլուզումը։ Micron-ի բաժնետոմսերը սկզբում երեք ամսվա ընթացքում թանկացել են գրեթե չորս անգամ, ապա կորցրել իրենց արժեքի կեսից ավելին։ Nvidia-ի աջակցությունը վայելող տվյալների կենտրոնների օպերատոր CoreWeave-ի բաժնետոմսերի գինը 2025 թվականին բորսա դուրս գալուց հետո աճել է ավելի քան չորս անգամ, սակայն հետագայում վերադարձել է տեղաբաշխման գնին։
Միևնույն ժամանակ ԱՄՆ տնտեսությունն առայժմ պահպանում է կայունությունը։ Սակայն բաժնետոմսերի հետագա անկումը կարող է դանդաղեցնել ԱԲ ենթակառուցվածքներում ներդրումները՝ անդրադառնալով սարքավորումներ արտադրողների, էլեկտրաէներգիա մատակարարողների և վարկատուների վրա։ Մասնավոր ներդրողների կորուստները նույնպես կարող են հանգեցնել սպառողական ծախսերի կրճատման՝ անկման հետևանքները տարածելով նաև այլ ոլորտների վրա։





























