Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Լիբիայի ափերի մոտ ուկրաինական ծովային անօդաչուները խորտակել են ռուսական «Մերկուրի» կորվետը և ոչնչացրել Կա-27 մարտական ուղղաթիռը։ Նրա խոսքով՝ գործողության երկրորդ թիրախը «MV Angara» բեռնանավն էր, որով Ռուսաստանը զենք էր տեղափոխում։
Գործողությունը համատեղ իրականացրել են Ուկրաինայի անվտանգության ծառայությունն ու Պաշտպանության ուժերի ստորաբաժանումները, այդ թվում՝ Զինված ուժերը։ Զելենսկին նշել է, որ երկու օր հետևել է գործողության ընթացքին, և մասնակիցները կատարել են բոլոր առաջադրանքները։ Նրա խոսքով՝ նրանք կիրառել են ուկրաինական արտադրության յոթ ծովային անօդաչու և, չնայած հակառակորդի դիմադրությանը, խորտակել կորվետը։
Զելենսկին ընդգծել է, որ «Մերկուրին» ռուսական նավատորմի նորագույն նավերից է։ Այն շահագործման են հանձնել 2023 թվականին՝ լայնամասշտաբ պատերազմի ընթացքում։ Նա զգուշացրել է, որ նման գործողությունները կշարունակվեն։
Կորվետը պայթեցրել են Լիբիայի Բենգազի նավահանգստում։ Նախօրեին Արևելյան Լիբիայի իշխանությունները հայտնել էին նավի վրա անօդաչուների հարձակման և հրդեհի մասին։ Այդ պահին վնասների չափը հայտնի չէր։
Al Jazeera-ի աղբյուրների փոխանցմամբ՝ կորվետը զենք, զինամթերք և անօդաչուներ էր տեղափոխում։ Պայթյունի հետևանքով զոհվել են Լիբիայի և Ռուսաստանի քաղաքացիներ, սակայն նրանց հստակ թիվը չի նշվում։ Տեղի բնակիչները հեռուստաալիքին պատմել են, որ տեսել են՝ ինչպես են երեք անօդաչուներ հարվածում նավին։
Հեռուստաալիքը հրապարակել է նաև «Vantor» ընկերության արբանյակային լուսանկարները։ Դրանցում երևում է, որ նավը շրջվել է և գրեթե ամբողջությամբ ջրի տակ անցել․ մակերևույթին մնացել է միայն քթամասը։ Կադրերում երևում են նաև նավից բարձրացող ծուխն ու նավամատույցի երկայնքով ցրված բեկորները։
Associated Press-ի փոխանցմամբ՝ երկու զինվորական պաշտոնյաներ հայտնել են, որ հարվածն իրականացրել են Լիբիայի արևմուտքում՝ ուկրաինական ուժերի վերահսկողության տակ գտնվող ռազմաբազայից արձակված անօդաչուներով։ Դրանցից առնվազն չորսը խոցել են օդում, իսկ երկուսը հասել են թիրախին։





























