Նոր Սահմանադրության նախագծով նախատեսվում է, որ որոշ դատական գործեր կարող են քննվել երդվյալների մասնակցությամբ։ Երդվյալներն այն քաղաքացիներն են, որոնք օրենքով սահմանված դեպքերում մասնակցում են դատական գործերի քննությանը։ Նրանց մասնակցության դեպքերն ու կարգը կսահմանվեն օրենքով։ Այս մոտեցումը, ըստ պաշտոնական հիմնավորման, հնարավորություն կտա քաղաքացիներին անմիջական մասնակցություն ունենալ արդարադատության իրականացմանը։
Ըստ նախագծի՝ Բարձրագույն դատական խորհուրդը կկարողանա դիմել Սահմանադրական դատարան, եթե համարի, որ որևէ օրենք կամ այլ իրավական ակտ վտանգում է դատարանների անկախությունը։
Սահմանադրական դատարանում հնարավոր կլինի բողոքարկել Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ նրա լիազորությունները դադարեցնելու որոշումները։ Սա դատավորների անկախության պաշտպանության լրացուցիչ երաշխիք է։
Սահմանադրական դատարանը Կառավարության դիմումով կկարողանա նաև ստուգել, թե արդյոք Հայաստանի մասնակցությամբ վերպետական կազմակերպությունների ընդունած ընդհանուր պարտադիր կանոնները համապատասխանում են Սահմանադրությանը։
Վճռաբեկ դատարանը հնարավորություն կունենա խորհրդատվական պարզաբանումներ տալու օրենքների կիրառման վերաբերյալ։ Դա կօգնի, որ տարբեր դատարանները նմանատիպ գործերով օրենքները կիրառեն միատեսակ։ Օրենքով հնարավոր կլինի նաև վերաքննիչ դատարաններին որոշ գործերով այլ լիազորություններ վերապահել։
Նախագիծը կարևորում է նաև վեճերը առանց դատարանի լուծելու հնարավորությունը։ Օրենքով կարող են նախատեսվել նման ընթացակարգեր, այդ թվում՝ պարտադիր, որպեսզի որոշ վեճեր լուծվեն ավելի արագ, իսկ դատարանների ծանրաբեռնվածությունը նվազի։
Դատավորների ընտրության հարցում կարևորվում են նրանց գիտելիքները, մասնագիտական փորձն ու արժանիքները։ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների ու Բարձրագույն դատական խորհրդի անդամների համար վերացվում է նվազագույն տարիքի պահանջը և վերանայվում են մասնագիտական փորձի պահանջները։ Դատավորների պաշտոնավարման առավելագույն տարիքը կսահմանվի օրենքով։
Վճռաբեկ դատարանի դատավորի յուրաքանչյուր թափուր տեղի համար Բարձրագույն դատական խորհուրդը կառաջադրի մեկ թեկնածու, որին Ազգային ժողովը կարող է ընտրել կամ մերժել։ Նախատեսվում են նաև կանոններ, որպեսզի կրկնվող անհաջող քվեարկությունները չխոչընդոտեն Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների ընտրությանը։





























