Վրացի քաղաքական գործիչ, «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցության առաջնորդ Մամուկա Պիպիան Հայաստանին զգուշացնում է չափից շատ չվստահել Ադրբեջանին։
Պանելային քննարկմանը հեռավար միացած Պիպիան համեմատեց էներգակիրների մատակարարումները դիվերսիֆիկացնելու՝ Վրաստանի և Հայաստանի փորձը։ Նրա խոսքով՝ շուկայում մատակարարների թվի աճը պետք է ազդի գնի և որակի վրա։ Սակայն հարևաններից էլեկտրաէներգիա և գազ ստանալու դիմաց ինքնիշխանության ու անկախության մի մասը կորցնելը վտանգավոր է։
«Այն, ինչ մենք տեսնում ենք հարևան բարեկամ, եղբայրական երկրում, այս առումով վախեցնում է», — ասաց քաղաքական գործիչը։
Պիպիայի խոսքով՝ Վրաստանը նախկինում Ադրբեջանից գազ էր ստանում հատուկ գներով, ապա նույնպիսի պայմաններով սկսեց գազ գնել նաև Ռուսաստանից։ Նա նշեց, որ այժմ Վրաստանը գազի 70 տոկոսը ստանում է Ռուսաստանից։ Ըստ նրա՝ Սահակաշվիլիի օրոք գինն ընդունելի էր, իսկ հետո սկսեց աճել։ «Այժմ ռուսական գազը շատ ավելի էժան է, և մենք կարծում ենք, որ Վրաստանի համար գինը կպահպանվի», — նշեց Պիպիան։ Նա նաև հիշեցրեց, որ 18 տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել են Ռուսաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Նրա գնահատմամբ՝ որքան սերտ լինեն Թբիլիսիի և Մոսկվայի հարաբերությունները, այնքան փոքր կլինի Ադրբեջանի տնտեսական ազդեցությունը Վրաստանում։ Պիպիան դժվարացավ ասել, թե Փաշինյանի օրոք Հայաստանն ինչպես կկարողանա խուսափել Ադրբեջանի ազդեցությունից, եթե ավելացնի այդ երկրից մատակարարումները։ «Այս առնչությամբ մեր կանխատեսումները շատ վատն են», — եզրափակեց նա։











