Նոր Սահմանադրության նախագծով նախատեսվում է, որ Ազգային ժողովը կարող է օրենքով ստեղծել ինքնավար մարմիններ տարբեր ոլորտներում՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկություններն ու հանրային կարիքները։ Սա հնարավորություն է տալիս պետական կառավարման համակարգն ավելի ճկուն դարձնել և անհրաժեշտության դեպքում ստեղծել մասնագիտացված մարմիններ։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործունեությունը նախատեսվում է կարգավորել օրենքով՝ պահպանելով դրա անկախության անհրաժեշտ երաշխիքները։

Կարևոր կարգավորումներ են նախատեսվում Մարդու իրավունքների հանձնակատարի անկախության ապահովման համար։ Հանձնակատարն ընտրվելու է յոթ տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու հնարավորության։ Նպատակն է, որ նրա գործունեությունն ու որոշումները պայմանավորված չլինեն պաշտոնում կրկին ընտրվելու անհրաժեշտությամբ։ Սա, ըստ հյիմնավորման, լրացուցիչ երաշխիք է, որպեսզի հանձնակատարն իր լիազորություններն իրականացնի ազատ և անկողմնակալ։

Ընդլայնվում են նաև Հաշվեքննիչ պալատի լիազորությունները։ Այն կարողանալու է ուսումնասիրել ոչ միայն պետական բյուջեի միջոցների ծախսումը, այլև բյուջեի մուտքերը։ Այսինքն՝ վերահսկողությունը տարածվելու է ինչպես պետական միջոցների օգտագործման, այնպես էլ դրանց մուտքերի վրա։ Դա հնարավորություն կտա ավելի ամբողջական գնահատել պետական բյուջեի կատարումը և ապահովել հանրային ֆինանսների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն։

Կենտրոնական բանկի գործունեության նպատակներում ամրագրվում է նաև երկարաժամկետ տնտեսական զարգացմանը և հանրային բարեկեցությանը նպաստելու անհրաժեշտությունը։ Գների և ֆինանսական կայունության ապահովումը շարունակում է մնալ Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը, սակայն ընդգծվում է, որ այդ կայունությունն ի վերջո պետք է ծառայի երկրի տնտեսական զարգացմանն ու մարդկանց բարեկեցությանը։