Լեհաստանի իշխանությունները դիմել են ՆԱՏՕ-ի դաշնակիցներին այն բանից հետո, երբ Ուկրաինայի վրա ռուսական հարձակման ժամանակ երեք հրթիռ խախտել է երկրի օդային տարածքը։ Ինչպես գրում է RMF 24-ը, Բրյուսելում քննարկելու են անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալ Վարշավայի առաջարկները։

«Մոտ ապագայում մեր արևելյան սահմանի պաշտպանությունն ուժեղացնելու գործում հզոր աջակցություն կստանանք ՆԱՏՕ-ի դաշնակիցներից։ Երկուշաբթի օրը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կկայանա Հյուսիսատլանտյան խորհրդի արտահերթ նիստը, որտեղ կներկայացնենք կոնկրետ առաջարկներ և կորոշենք գործողությունների նոր տարբերակներ»,— հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ Ավելի վաղ Լեհաստանի դատախազությունը հայտնել էր, որ երկրի հարավ-արևելքում՝ Լյուբլինի և Ենթակարպատյան վոյեվոդություններում հայտնաբերված թռչող սարքերի բոլոր բեկորները պատկանում են ռուսական Խ-101 թևավոր հրթիռներին։ Այդ հրթիռներն արտադրվել են 2026 թվականի չորրորդ եռամսյակում՝ մերձմոսկովյան Դուբնայի գործարանում։

Կոսինյակ-Կամիշը հավելել է, որ լեհական կողմն ու արևմտյան դաշնակիցներն արդեն քննարկել են երկրի արևելքում տեղի ունեցածի մանրամասները՝ ընդգծելով, որ կապ է հաստատել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ալեքսուս Գրինկևիչի հետ։ Բրյուսելյան հանդիպմանը Վարշավան կներկայացնի պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին։

Սկզբնապես լեհ ուժայինները հայտարարել էին, թե Խ-101-ի բեկորներ են գտնվել միայն երկու վայրում (Լյուբլինի վոյեվոդության Նովի Լիպովեց և Ենթակարպատյան վոյեվոդության Ռուդնիկ-նադ-Սանեմ բնակավայրերի մերձակայքում), իսկ երրորդում (Ենթակարպատյան վոյեվոդության Մոլոդիչի մոտ) հայտնաբերվել է ռեակտիվ անօդաչու սարք։ Սակայն նոյեմբերի 22-ին մասնագետները հստակեցրել են, որ երեք օբյեկտն էլ եղել են ռուսական թևավոր հրթիռներ։ Ընդ որում, «տեղանքի առանձնահատկությունների» պատճառով Մոլոդիչի մերձակայքում Խ-101-ի անկման վայրի զննությունը դեռ չի ավարտվել։

Երեք հրթիռները Լեհաստանի տարածք էին ներխուժել նոյեմբերի 20-ին։ Վարչապետ Դոնալդ Տուսկը տեղի ունեցածը որակել է որպես Ռուսաստանի կողմից «կանխամտածված սադրանք»։ Վարշավայում գումարվել է ճգնաժամային շտաբ՝ նախարարների, զինված ուժերի և հատուկ ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև հայտարարվել է «Patriot» զենիթահրթիռային համալիրներն ու պաշտպանական այլ համակարգերը մարտական պատրաստության բերելու մասին։

Լեհաստանի իշխանությունները միջադեպը կապել են ուկրաինամետ «Ցանկացողների կոալիցիայի» զորավարժությունների հետ, որոնք նույնպես անցկացվում են երկրի հարավ-արևելքում՝ Նովա Դեմբա քաղաքի մոտակայքում։ Զորավարժություններն ընթանում են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հովանու ներքո՝ 11 երկրի զինվորականների մասնակցությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Լեհաստանում ռուսական հրթիռների անկմանը, ասել է, թե «Պուտինը դրանք նետել է սխալմամբ»՝ ընկած հրթիռներն անվանելով «փոքր»։ Այդուհանդերձ, Տուսկը չի համաձայնել այդ բացատրությանը՝ հայտարարելով, որ չի պատրաստվում «ձևացնել, թե տեղի ունեցածն աննշան պատահականություն է»։