Նոր Սահմանադրության նախագծով՝ պետական մարմինները համայնքներին վերաբերող որոշումներ կայացնելուց առաջ պետք է խորհրդակցեն համապատասխան համայնքների հետ։ Սա հնարավորություն է տալիս համայնքներին ներկայացնելու իրենց կարծիքը և մասնակցելու իրենց առնչվող հարցերի քննարկմանը։
Բացի այդ, նախատեսվում է, որ համայնքների միավորման կամ բաժանման դեպքում պարտադիր պետք է լսվի տվյալ համայնքների բնակիչների կարծիքը՝ տեղական հանրաքվեի միջոցով։ Բնակիչները կարող են նաև տեղական հանրաքվեներով մասնակցել համայնքային նշանակության այլ հարցերի լուծմանը։
Նոր Սահմանադրությունը սահմանում է նաև համայնքների գործունեության նկատմամբ պետական վերահսկողության սահմանները։ Երբ համայնքը լուծում է իր սեփական խնդիրները, պետական մարմինները կարող են ստուգել միայն, թե արդյոք դրա որոշումներն ու գործողությունները համապատասխանում են օրենքին։ Նրանք չեն կարող միջամտել միայն այն պատճառով, որ համայնքի ընտրած լուծումը նպատակահարմար չեն համարում։
Սահմանվում են նաև կանոններ այն դեպքերի համար, երբ համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարում են։ Նախատեսվում է, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կարող է պաշտոնավարել առավելագույնը վեց ամիս, և պետք է անցկացվեն նոր ընտրություններ։ Նպատակն է ապահովել, որ համայնքի ղեկավարումը երկար ժամանակ չիրականացվի ժամանակավոր նշանակված անձի կողմից։
Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը ներկայացրել է նոր Սահմանադրության նախագիծը և դիմել է ուղերձով: Նոր սահմանադրության նախագիծը հրապարակվել է հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով։





























