Ֆինլանդիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հեյկի Աուտոն աջակցել է Ռուսաստանի հետ սահմանին հակատանկային արգելապատնեշներ կառուցելու գաղափարին, հայտնում է Bloomberg-ը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի փորձը ցույց է տալիս, որ նման կառույցներ պետք է ստեղծել դեռ խաղաղ ժամանակ։ «Եթե մարտական գործողությունների հենց սկզբում թույլ տաս հակառակորդին գրավել 50 կիլոմետր տարածք, ապա հետագայում նրան դուրս մղելը չափազանց բարդ կլինի»,— ասել է Աուտոն։
Bloomberg-ի փոխանցմամբ՝ ֆիննական բանակի ավանդական ռազմավարությունը ենթադրում է, որ անհրաժեշտության դեպքում զինվորականները կարող են զիջել տարածքի մի մասը՝ հակառակորդին երկրի խորքը ներքաշելու և ավելի շահեկան դիրքերից հակահարձակման անցնելու համար։ Աուտոն ընդգծել է, որ խաղաղ ժամանակ սահմանն ամրացնելը տարբերվում է «ավանդական ֆիննական ռազմական մտածելակերպից»։
Հակատանկային արգելապատնեշների կառուցման գաղափարին աջակցել է նաև ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, պաշտպանության հանձնաժողովի անդամ Միկա Կարին։ Նա նշել է, որ թեև ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ընդհանուր սահմանի շուրջ կեսը բաժին է ընկնում Ֆինլանդիային, սահմանների ամրապնդումը պետք է դիտարկել ողջ դաշինքի պաշտպանության համատեքստում, այլ ոչ թե որպես Ֆինլանդիայի ներքին խնդիր։
2023 թվականի աշնանը Ֆինլանդիան փակել էր Ռուսաստանի հետ ցամաքային սահմանի բոլոր անցակետերը, իսկ 2026 թվականի սեպտեմբերին ավարտել էր սահմանի երկայնքով 200 կիլոմետրանոց ցանկապատի կառուցումը։ Դրա արժեքը կազմել է 356 միլիոն եվրո։
Ավելի վաղ՝ նոյեմբերին, գերմանական Bild պարբերականը հայտնել էր, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ ոչ պաշտոնական բանակցություններում Մոսկվան պահանջել է, որ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից։ Կրեմլը հերքել էր այդ տեղեկությունը։ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն էլ հայտարարել էր, որ երկիրը մտադիր չէ լքել դաշինքը, իսկ ինքը երբևէ չի լսել Ռուսաստանի նման պահանջի մասին։





























