Ալցհայմերի հիվանդությամբ տառապող Բրազիլիայի 74-ամյա բնակիչը ողջ է մնացել Ամազոնի ջունգլիներում 11 օր մոլորված թափառելուց հետո։ Նրան օգնել են երիտասարդ տարիներին ոսկեխույզ աշխատելիս ձեռք բերած հմտությունները, հայտնում է G1 պորտալը՝ հղում անելով տեղի անտառապահներին։
Ժանարինո Ֆերեյրա դոս Սանտոսն անհետացել էր Բրազիլիայի հյուսիսում գտնվող Ամապա նահանգի անտառապատ տարածքում։ Փրկարարները նրան հայտնաբերել են ուրբաթ՝ նոյեմբերի 20-ին, անհետացման վայրից մոտ տասը կիլոմետր հեռավորության վրա։ Նրա թողած հետքերից որոնողական աշխատանքների մասնակիցները պարզել են, որ տղամարդը ոչ միայն թափառել է անտառում, այլև ջուր է խմել բնական աղբյուրներից, սնվել բուրիտի արմավենու պտուղներով և գիշերել ասայի արմավենու տերևներից պատրաստված տեղերում։
Անտառապահների խոսքով՝ տարածության մեջ կողմնորոշվելու ունակության խանգարման պատճառով թոշակառուն շրջանաձև է քայլել, ինչը թույլ է տվել նեղացնել որոնումների գոտին։ Նրան գտնելուն օգնել է վերջին գիշերատեղիներից մեկի մոտ զգացվող մեզի բնորոշ հոտը։
«Նա նստած էր միայն ներքնազգեստով, խիստ թուլացած էր և արդեն չէր հասկանում, թե որտեղ է գտնվում», — պատմել է անտառապահ Ներիվան դա Սիլվան։
Հարազատների խոսքով՝ տղամարդը երկար տարիներ ոսկեխույզ է աշխատել և լավ է ճանաչել անտառային միջավայրը։ Այդ փորձն օգնել է նրան ծայրահեղ պայմաններում ջուր, սնունդ և ապաստան գտնել։
Փրկարարները նշել են, որ, չնայած տղամարդու փորձին, Ամազոնիայի խուլ շրջաններում նման բարեհաջող ելքը հազվադեպ է։ Նա շարունակում է մնալ հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո։
Ամազոնի դաշտավայրի հյուսիսարևելյան մասում գտնվող Ամապա նահանգի տարածքի ավելի քան 90%-ը ծածկված է մարդու գործունեությունից գրեթե անխաթար մնացած խոնավ արևադարձային անտառներով։





























