Նախ՝ ընդդիմությունն ի սկզբանե հստակ ասել է, որ այս փաստաթղթի շուրջ որևէ քննարկում չի լինելու, քանի որ սա, ըստ էության, «Ալիևյան Սահմանադրություն» է։ Ընդդիմության համար մեծ սխալ կլինի մտնել այս տեքստի քննարկման մեջ, որովհետև հենց սկսեցիր քննարկել, ուրեմն արդեն համարում ես, որ այն քննարկման ենթակա է։ Այս մասին Facebook—ի իր էջում գրել է մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մյուս կողմից՝ եթե հարցը գնում է հանրաքվեի, պետք է հասկանալ՝ ո՞վ է մասնակցելու և ի՞նչ պայմաններով։ Այսօր քաղաքացիների մի մասն արդեն զրկված է քվեարկելու իրավունքից, քանի որ օրենքով Հայաստանում որոշակի ժամանակ չբնակվող ՀՀ քաղաքացին չի կարող մասնակցել ընտրություններին ու հանրաքվեներին։ Բացի այդ, ընդդիմության առաջնորդները կալանավորված են ու չեն կարող լիարժեք մասնակցել «այո»-ի ու «ոչ»-ի քարոզարշավին։ Այսինքն՝ կողմ ու դեմ արտահայտվողներն ի սկզբանե հայտնվում են անհավասար վիճակում։
Ու ամենագլխավոր հարցը՝ ի՞նչ երաշխիք կա, որ եթե իշխանությունն է վերահսկելու հանրաքվեն, վերջում հրապարակված թվերն իրոք կարտացոլեն Հայաստանի քաղաքացիների ազատ կամքն ու հավաքական որոշումը։
Նույնն էլ արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունների դեպքում է։ Եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատրաստ է գնալ արտահերթի, հարց է առաջանում՝ ո՞վ է անցկացնելու այդ ընտրությունները։ Եթե ինքն է անցկացնելու, պարզ է, որ կրկին կստանա մի խորհրդարան, որը կապահովի անհրաժեշտ երկու երրորդը, որից հետո հարցը նորից կդրվի հանրաքվեի, ու նույն պատմությունը կկրկնվի։
Այնպես որ, քանի դեռ չկա գործընթացի իրական վերահսկողություն ու հավասար պայմաններ, թե՛ հանրաքվեն, թե՛ արտահերթ ընտրությունները մնում են շատ կանխատեսելի սցենարով գործընթացներ»։




























