Դատարանում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի փաստաբան Հայկ Հարությունյանը միջնորդեց, որ Նիկոլ Փաշինյանը ներկայանա դատարան։

Դատավոր Աննա Շիլաջյանը բավարարեց Էդմոն Մարուքյանի փաստաբան Հայկ Հարությունյանի միջնորդությունը։

Նիկոլ Փաշինյանի փաստաբանը Դավիթ Ավագյանն է։

Նշենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում, դատավոր Աննա Շիլաջյանի նախագահությամբ, այսօր՝ նոյեմբերի 23–ին մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Էդմոն Մարուքյանի՝ վիրավորանքի և զրպարտության հայցի քննությունը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9֊ին դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան ընդդեմ Էդմոն Մարուքյանի։

Հայցի առիթ է հանդիսացել հունիսի 9-ին Մարուքյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութը, որտեղ վերջինս ընտրությունների վերաբերյալ հայտարարություններ է արել և Փաշինյանին անվանել «տարրական պուճուր ընտրակեղծարար»։

Փաշինյանը պահանջում է պարտավորեցնել Մարուքյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել և հերքել տարածած տեղեկությունները, ինչպես նաև վճարել ընդհանուր 6 մլն դրամ փոխհատուցում (2 մլն դրամ՝ վիրավորանքի, և 4 մլն դրամ՝ զրպարտության համար)։