Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի մեկնարկը նույնն է, ինչ զիջումների գնալն առանց խաղաղության։ Այս մասին նոյեմբերի 23-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե նոյեմբերի 23-ին կտրվի TRIPP նախագծի իրականացման մեկնարկը։
Նրա խոսքով՝ ներկայիս իրողություններում խաղաղության համաձայնագիրը և TRIPP նախագիծը նույն գործընթացի կարևոր բաղադրիչներն են։ Ավելին, ինչպես նկատել է ընդդիմադիր պատգամավորը, այսօր այդ երկու հասկացությունները փաստացի նույնացվում են։
«Այսօր պետք է տրվի TRIPP նախագծի շինարարական աշխատանքների մեկնարկը։ Խոսքն այն ճանապարհի մասին է, որն Ադրբեջանին անխոչընդոտ կապ է ապահովելու Նախիջևանի հետ։ Հանրային ընկալման մեջ տպավորություն է ստեղծվել, թե այդ ճանապարհը տրամադրվելու է խաղաղության դիմաց։ Սակայն իրականում մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ խաղաղության համաձայնագրի շուրջ շարունակում են մնալ բազմաթիվ չլուծված հարցեր։ Բանակցային գործընթացը գրեթե առաջ չի գնում, մինչդեռ TRIPP-ն արդեն անցնում է իրականացման փուլ»,— ասել է Աբրահամյանը։
Այս համատեքստում նա հիշեցրել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին ավելի վաղ ուղղված հարցը. «Հնարավո՞ր է, որ TRIPP-ն իրականացվի, անխոչընդոտ տեղաշարժի ճանապարհը տրամադրվի, իսկ խաղաղության համաձայնագիրն այդ պահի դրությամբ այդպես էլ չստորագրվի»։
Պատգամավորի հիշեցմամբ՝ Միրզոյանն այն ժամանակ հաստատել էր, որ նման սցենար հնարավոր է։
«Սա վկայում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է անխոչընդոտ կապի հնարավորություն տրամադրել, մինչդեռ դրա դիմաց ստանալու է միայն անորոշություն։ Դրան զուգահեռ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոխելու պահանջներ ներկայացնել։ Ավելին՝ նա ակնարկում է նոր զիջումների մասին։ Այսպես, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե հայ ժողովուրդն այժմ պետք է ներողություն խնդրի ադրբեջանական ժողովրդից։ Նման հայտարարությունները փաստում են, որ Ադրբեջանը հետագայում էլ շարունակելու է նոր պահանջներ առաջ քաշել։ Մինչդեռ երկրների միջև խաղաղություն դեռևս չի հաստատվել, և ըստ էության, խոսքը «զիջումներ՝ առանց խաղաղության» հայեցակարգի իրականացման մասին է»,— նշել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղարը։




























