ԱՄՆ Ալաբամա նահանգում գազատարի պայթյուն և հրդեհ է տեղի ունեցել։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն օպերատորը ստիպված է եղել դադարեցնել վնասված հատվածի աշխատանքը և սահմանափակել գազի փոխադրումը։ Այս մասին նոյեմբերի 22-ին հայտնել է WBRC հեռուստաալիքը՝ վկայակոչելով շրջանի հանձնաժողովի ղեկավար Մարկուս Քեմփբելին։

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ի ուշ երեկոյան Սամթեր շրջանում՝ Ուորդ բնակավայրի մերձակայքում (բաց տարածքում՝ բնակելի տներից հեռու)։ Ականատեսների խոսքով՝ բոցի սյունը բարձրացել է տասնյակ մետր, իսկ հրդեհը տեսանելի է եղել նույնիսկ Միսիսիպի նահանգի սահմանին գտնվող Յորք քաղաքից։ Պայթյունից հետո բուսականություն է բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ութ հրշեջ ստորաբաժանում։

Southern Natural Gas ընկերությունը վնասված հատվածն անջատել է ցանցից և նվազեցրել գազի ճնշումը։ Հրդեհը հաջողվել է մարել, շենքերը չեն վնասվել։ Գազատարի վնասված հատվածի աշխատանքի վերսկսման ժամկետները դեռ որոշված չեն։ Օպերատորը հայտարարել է ֆորսմաժորային իրավիճակի մասին և սահմանափակել վթարված հատվածով գազի փոխադրման ծավալները՝ միաժամանակ հավաստիացնելով, որ սպառողներին գազի մատակարարումները չեն տուժել։

Վնասված գազատարը Southern Natural Gas համակարգի մաս է կազմում։ Համակարգը բնական գազի մատակարարում է ապահովում Լուիզիանայի, Միսիսիպիի և Ալաբամայի արդյունահանման շրջանների համար։ Գազատրանսպորտային ցանցի ընդհանուր երկարությունը շուրջ 11,1 հազար կմ է։ Պայթյունի պատճառները պարզվում են։ Կառավարող ընկերությունը տեղի ունեցածը բնութագրել է որպես գազի արտանետում։