Հայաստանում նոր ատոմային ռեակտոր կառուցելու առաջարկներից ինժեներական և տնտեսական տեսանկյունից այս պահին ամենաիրատեսականն ու հիմնավորվածը «Ռոսատոմ» պետական կոնցեռնի առաջարկած ՎՎԷՌ-1000 ռեակտորն է։ Այս մասին նոյեմբերի 23-ին կայացած պանելային քննարկման ժամանակ հայտարարել է էներգետիկայի հարցերով փորձագետ Արա Մարջանյանը։
Նրա խոսքով՝ սա լավ ուսումնասիրված և իրեն արդարացրած ռեակտոր է, որի թե՛ տեխնոլոգիան, թե՛ ցուցանիշները հայտնի են, մինչդեռ մյուս առաջարկները խիստ ընդհանրական են և դեռևս չմշակված։ «Իրականում ինչի՞ մասին ենք խոսում և ինչպե՞ս են իրականացվելու այդ աշխատանքները, եթե Հայաստանի և ԱՄՆ-ի միջև չի ստորագրվել ու չի վավերացվել 123 համաձայնագիրը, իսկ ԱՄՆ-ում վերջերս կայացած ընտրությունների արդյունքում դրա հեռանկարներն ավելի կասկածելի են դարձել»,— նշել է փորձագետը։
Մարջանյանի պնդմամբ՝ այս պահին ԱՄՆ-ում չկա որևէ գործող լիցենզավորված մոդուլային ռեակտոր, իսկ Թենեսիում 300 ՄՎտ հզորությամբ առաջին մոդուլային ռեակտորի կառուցման լիցենզիան տրվել է սեպտեմբերի 30-ին։ Նա նշել է, որ Ռուսաստանում կա երկու մոդուլային ռեակտոր, և նման ռեակտորներ կան նաև Չինաստանում։
Փորձագետի ներկայացմամբ՝ համագործակցության իրավական հիմքը ձևավորող 123 համաձայնագիրը ԱՄՆ նախագահը պետք է ուղարկի Կոնգրես՝ վավերացման։ Եթե 90 օրվա ընթացքում Կոնգրեսը որևէ քայլ չձեռնարկի, փաստաթուղթն ինքնաբերաբար համարվում է վավերացված, սակայն դրա համար անհրաժեշտ է Կոնգրեսի 90 օր անընդմեջ աշխատանք։ Մարջանյանի գնահատմամբ՝ ժամկետների առումով խոսքը 2027 թվականի սկզբի մասին է. նախագահը փաստաթուղթը կուղարկի գարնան վերջին կամ ամռանը, և լավագույն դեպքում համաձայնագիրը վավերացման փուլին կհասնի հաջորդ տարվա աշնանը։ Դրանից հետո անհրաժեշտ կլինի, որ ԱՄՆ-ում այդ ռեակտորները որոշակի ժամանակ անվտանգ շահագործվեն։ Մարջանյանը եզրափակել է, որ ամերիկյան մոդուլային ռեակտորների հիման վրա ԱԷԿ կարելի է ակնկալել միայն 2037–2038 թվականներին, ինչը Հայաստանի համար չափազանց ուշ է։




























