«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը դատարանի որոշմամբ պետք է ներողություն խնդրի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանից։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ, Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն օրերս մասնակի բավարարել է Սամվել Կարապետյանի հայցը՝ պարտավորեցնելով Շիրինյանին՝ ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար։
Հիշեցնենք, որ 2025-ի հուլիսի 17-ին Սամվել Կարապետյանը հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով վիրավորական արտահայտությունների համար Լևոն Ղազարի Շիրինյանին պարտավորեցնել դատարանի կողմից սահմանված ձևով հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ տեքստով.
«Հերքում՝
Սամվել Կարապետյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով գրառում կատարել` դրանում նշելով հետևյալը.
«Ես՝ Լևոն Շիրինյանս, 19.06.2025 թվականին Սիվիք էյէմ-ին տված հարցազրույցում, 30.06.2025թ–ին «Հայկական ժամանակ»–ին տված հարցազրույցում, ինչպես նաև տարբեր ժամանակահատվածներում «facebook.com» սոցիալական կայքի էջումս հրապարակային տեղեկություններ եմ հայտնել այն մասին, որ Սամվել Կարապետյանը հանդիսանում է գործակալ, իր՝ Հայաստան այցը կապված է այսպես ասված «գործուղման» և հրապարակումներում նշված այլ՝ իրականում իրականության հետ կապ չունեցող հանգամանքների հետ: Հրապարակային հայտնում եմ, որ այդ տեղեկությունները զրպարտչական են, սուտ են և անհիմն, որի համար ներողություն եմ խնդրում»»։
Սամվել Կարապետյանը նաև պահանջել էր Լևոն Շիրինյանից հօգուտ Սամվել Կարապետյանի բռնագանձել 9.000.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում։
Գործարարը նաև պահանջել էր Լևոն Շիրինյանից հօգուտ Սամվել Կարապետյանի բռնագանձել դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից։





























