Ավարտվեց Արաբական աշխարհի ամենահեղինակավոր՝ Ա դասի հավատարմագրում ունեցող, Կահիրեի 47-րդ միջազգային կինոփառատոնը, որի կինոարդյունաբերական հարթակում այս տարի առաջին անգամ ներկայացված էր Հայաստանը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել։

Նա, մասնավորապես, նշել է. «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան Կահիրեի կինոփառատոնի շրջանակում հանձնեց իր առաջին` GOLDEN ROSE — «ՈՍԿԵ ՎԱՐԴ» միջազգային կինոմրցանակը, որը հիմնադրվել է Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի (ՖԱՀՖ) և գլխավոր գործընկեր՝ Գագիկ Ծառուկյանի կողմից։

Մրցանակի նպատակն է խրախուսել կանանց ստեղծագործական գործունեությունը կինոարվեստում, աջակցել կին ռեժիսորների հեղինակային լիամետրաժ խաղարկային և խաղարկային-փաստագրական ֆիլմերի նախագծերին, ինչպես նաև նպաստել միջազգային կինոհամագործակցության զարգացմանը։

ՖԱՀՖ-ի և Cairo Film Connection ծրագրի ղեկավարների միջև բանակցությունների արդյունքում որոշվեց առանձնացնել ոչ թե մեկ, այլ երկու կինոնախագիծ։

Ֆեդերացիայի կողմից ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ արժանացավ A SPECIAL NIGHT (Հատուկ գիշեր) կինոնախագիծը՝ ռեժիսոր Ժինո Հադի Հասանի։ Նախագիծն արժանացավ հատուկ հիշատակման՝ առանց արձանիկի և դրամական պարգևի։

Իսկ GOLDEN ROSE — «ՈՍԿԵ ՎԱՐԴ 2026» միջազգային կինոմրցանակին և դրամական պարգևին արժանացավ Եգիպտոսը ներկայացնող Come Out, Ateyyat («Դո՛ւրս արի, Ատիյաթ») լիամետրաժ վավերագրական ֆիլմը՝ խաղարկային վավերագրության տարրերով։ Ռեժիսոր՝ Մանալ Խալեդ, պրոդյուսեր՝ Ֆաթմա Աբեդ, համապրոդյուսեր՝ Ռաշա Ազաբ։

Ֆիլմի կենտրոնական կերպարը եգիպտական վավերագրական կինոյի ռահվիրա Ատիյաթ էլ Աբնուդին է՝ կին ռեժիսոր, գրող և պրոդյուսեր, որի ֆիլմերն արժանացել են ավելի քան 30 միջազգային մրցանակների։ Ատիյաթի ստեղծագործական ժառանգությունն ընդգրկում է եգիպտական հասարակության խոցելի խմբերի՝ գյուղացիների, կանանց և աշխատավորների կյանքը ներկայացնող վավերագրական ֆիլմեր։ Նրա կինեմատոգրաֆիական լեզուն հիմնված էր բանաստեղծական ռեալիզմի և առօրյա կյանքի մանրամասների ուշադիր դիտարկման վրա։ Նախագիծը կառուցված է Ատիյաթի նախկին ֆիլմերի հերոսներին գտնելու և նրանց այսօրվա կյանքը բացահայտելու շուրջ։ Նրանց հիշողությունների միջոցով աստիճանաբար վերակառուցվում է նաև հենց Ատիյաթի կենսագրությունը։

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան Կահիրեի կինոարդյունաբերական հարթակում ներկայացնում էին Ֆեդերացիայի միջազգային կապերի պատասխանատու Անի Գալստյանը, ԱՄՆ-ում Ֆեդերացիայի դեսպան, դերասանուհի և պրոդյուսեր Նորա Արմանին, Միջին Արևելքում Ֆեդերացիայի դեսպան, պրոդյուսեր և դերասան Արմեն Գրեյգը և Ֆեդերացիայի խորհրդի նախագահ Հովհաննես Գալստյանը։

Պատվիրակությունը Կահիրե էր մեկնել Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ»։