ԱՄՆ հետախուզության ղեկավար Ջեյ Քլեյթոնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների բարեկամը չէ՝ Ուկրաինայի դեմ պատերազմի համատեքստում։ Այդ հայտարարությունը նա արել է ABC News-ին տված հարցազրույցում, երբ Դոնալդ Թրամփը հրապարակավ Ռուսաստանի նախագահին իր բարեկամն էր անվանել։

Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացված Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում անցկացված հանդիպման ժամանակ Թրամփը Պուտինին ողջունել է «իմ բարեկամ» խոսքերով։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահը Truth Social-ում հրապարակել է իրենց ձեռքսեղմման լուսանկարը՝ կրկնելով այդ ձևակերպումը։

Այդ արտահայտությունը քննադատության է արժանացել ԱՄՆ-ում։ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը Թրամփի խոսքերն ամոթալի է անվանել, իսկ հանրապետական սենատոր Ռիք Սքոթը Պուտինին «չարագործ» է անվանել, հայտնում է Bild-ը։

Քլեյթոնը սկզբում փորձել է արդարացնել Թրամփին՝ նրա խոսքերը բացատրելով միջուկային տերությունների միջև դիվանագիտական երկխոսության անհրաժեշտությամբ։ Սակայն լրագրողի ուղիղ հարցին՝ արդյոք Պուտինը Ամերիկայի բարեկա՞մն է, պատասխանել է. «Ուկրաինայում նա Ամերիկայի բարեկամը չէ։ Բացարձակապես ոչ»։

Ավելի ուշ CNN-ի եթերում Քլեյթոնն ընդգծել է, որ լիովին վստահում է Թրամփի արտաքին քաղաքականությանը, իսկ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Չինաստանի բանակցությունները «պատմական իրադարձություն» է անվանել։